Սահակաշվիլուն տեղափոխել են ռազմական հոսպիտալ

11:29, 20 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախկին նախագահին ուղեկցել են նրա մայրը, բուժող բժիշկը, բանտային հիվանդանոցի բուժաշխատակիցներն ու փաստաբանը:

Ռազմական հոսպիտալը ոստիկաններով շրջափակվել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին դադարեցրել է հացադուլը, որը հայտարարել էր ձերբակալվելուց հետո:

Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան էր մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:

Վրաստանի իշխանությունները մեղադրում են Սահակաշվիլուն երկրում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ:


© 2009 ARMENPRESS.am