Երևանում ԱՄԷ դեսպանությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին

16:35, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը հումանիտար նախաձեռնությունների շրջանակում և Էմիրությունների Կարմիր մահիկի հովանու ներքո դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ է տրամադրել Խարբերդի մասնագիտացված մանկատան սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանությունից, այցի ընթացքում դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին հանդիպել է կենտրոնի տնօրեն Հարություն Բալասանյանի հետ, ով իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության համար՝ բարձր գնահատելով ԱՄԷ-ի հանձնառությունը սահմանափակ կարողություններով մարդկանց դերը բարձրացնելու և հասարակության մեջ նրանց ինտեգրելու հարցում։

Իր հերթին տիկին Ալ-Սալամին հայտարարել է, որ ԱՄԷ կառավարությունը հավատարիմ է աջակցելու բազմաթիվ նախաձեռնությունների, ծրագրերի և ռազմավարությունների անցկացմանը, որոնց նպատակն է բարձրացնել սահմանափակ կարողություններով անձանց ձգտումները։ Նա նաև ընդգծել է, որ նմանատիպ մարդկանց դերի բարձրացումն ԱՄԷ ազգային զարգացման օրակարգի առաջնահերթություններից է, որի շրջանակներում Էմիրությունների կառավարությունն օժանդակում է նրանց համապատասխան կրթություն և առողջապահական ծառայություն ստանալու, ինչպես նաև աշխատանքային գործունեություն ծավալելու հարցերում: Տիկին ալ Սալամին անդրադարձել է աշխարհի տարբեր կողմերում հասարակության խոցելի խմբերին աջակցելու ԱՄԷ ջանքերին:


© 2009 ARMENPRESS.am