Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան խնդիրը

19:22, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։


© 2009 ARMENPRESS.am