ԱՄԷ-ն 10 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

20:59, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրությունները 10 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Աբու Դաբիի Պետական ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամեդ Հասան աս-Սուվեյդին:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի և ԱՄԷ միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր տարբեր՝ այդ թվում և առևտրի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթերի ստորագրությունը տեղի է ունեցել նախագահական պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև բանակցությունների արդյունքում: Սա 2012 թվականից ի վեր ԱՄԷ-ից առաջին բարձրաստիճան այցելությունն է Թուրքիա:

Մասնավորապես ֆինանսական ոլորտում համաձայնագրերի ստորագրումը դրական է ազդել թուրքական լիրայի վրա, որն ամրապնդվել է 7 տոկոսով:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am