46-ամյա տղամարդը գույքը հափշտակելու դիտավորությամբ հարձակվել է 90-ամյա կնոջ վրա

18:06, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վաղաշեն համայնքի 46-ամյա բնակիչը, օգտվելով համագյուղացի կնոջ միայնակ և անօգնական վիճակից, գույքը հափշտակելու դիտավորությամբ, բժշկական դիմակով դիմակավորված, հարձակվել է 90-ամյա կնոջ վրա և նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ սառը զենք չհանդիսացող դանակով վնասել է կնոջ ձեռքը, պոկել ոսկյա ականջօղերը, վզնոցն ու կախազարդը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և զգալի չափերով գույքային վնաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած  հաղորդագրության մեջ:

Այդ ընթացքում դեպքին ականատես հարևանուհին քարեր է նետել հիշյալ տղամարդու ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս դիմել է փախուստի:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


© 2009 ARMENPRESS.am