Վարդենիսի երաժշտական դպրոցի և մշակույթի պալատի սաները համերգային ծրագրով հանդես եկան Ռոման Սյուր-Իզերի բեմում
19:23, 25 Նոյեմբեր, 2021ԳԱՎԱՌ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ֆրանսիա-Աշտարակ-Արմենիա» մշակութային միության ղեկավար Լևոն Չատիկյանի հրավերով և աջակցությամբ Ֆրանսիայի Ռոման Սյուր-Իզեր քաղաքի՝ «Կորդելիեր» կոչվող համերգասրահում օրերս կայացած «Երեխաների զարգացման ծրագիր» խորագրով մշակութային միջոցառման շրջանակներում Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի ժողգործիքների անսամբլը և Վարդենիսի մշակույթի պալատի «Սասուն» ազգագրական պարի անսամբլը հանդես եկան համերգային ծրագրով՝ Վարդենիսի քույր քաղաք Ռոման Սյուր-Իզերի սրտում ներկայացնելով հայկական ազգային երգարվեստն ու պարարվեստը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման ավարտին Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչ Ամալյա Հակոբյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի անունից, ի նշան երկու երկրների միջև մշակութային համագործակցության ամրապնդման, Ռոմանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին՝ փոխքաղաքապետեր Քրիստոֆեր Բանին և Ֆիլիպին Գուին հանձնել է Ռոմանի քաղաքապետ Մարի Հելեն Տորավալին ուղղված հուշանվերն ու շնորհակալագիրը։ Հուշանվերներ ու շնորհակալագրեր են հանձնվել նաև «Ֆրանսիա-Աշտարակ-Արմենիա» մշակութային միության ղեկավար Լևոն Չատիկյանին և «Կորդելիեր» համերգասրահի տնօրեն Մարի Հորտենս-Լակրուային։
«Նշված նախաձեռնությանը ֆինանսական մեծ աջակցությունն են ցուցաբերել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, ինչպես նաև Վարդենիսի համայնքապետարանը և մասնակցող երեխաների ծնողները: Սա հիանալի առիթ էր՝ հայկական ազգագրական երգերն ու պարերը ֆրանսիական բեմում ներկայացնելու համար։ Մեր սաների գեղարվեստական կատարումները ֆրանսիացի հանդիսատեսների կողմից ընդունվել են ծափողջույններով ու մեծ ոգևորությամբ»,- տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am