Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին կենցաղային կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման խնդիրներ

21:04, 25 Նոյեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի  մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի ղեկավար Կառեն Էբեռլիին և նրա գլխավորած թիմի անդամներին՝ ծրագրի ղեկավարի տեղակալ, Հենրիկ Տորեմարկին, ծրագրի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, կոշտ թափոնների նախագծերի դիզայներ Գևորգ Մարտիրոսյանին, ֆինանսական գծով փորձագետ Արսեն Կարապետյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման հետ կապված տարաբնույթ խնդիրներ։ Կառեն Էբեռլին և նրա ղեկավարած թիմի անդամները մարզպետ Կարեն Սարգսյանին ուղղեցին բազմաբնույթ հարցեր՝ կապված կենցաղային աղբի հավաքման և տեղափոխման, աղբավայրերի շահագործման, համայնքների խոշորացման դեպքում կենցաղային կոշտ թափոնների կառավարման գործընթացի իրականացման, վարձավճարների սակագների սահմանման և գանձման կարգի, բնակչության աճի տեմպերի, զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ։ Պատասխանելով բարձրացված հարցերին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ ներկա պահին համայնքներից հավաքագրվում է անհրաժեշտ տեղեկատվական բազան, որը կտրամադրվի Կոշտ թափոնների կառավարման միջազգային ծրագրի թիմի անդամներին, ապա կլինեն համատեղ քննարկումներ՝ ծրագիրն արդյունավետորեն կյանքի կոչելու համար։

«Մեր մարզում աղբահանություն իրականացվում է գրեթե բոլոր բնակավայրերում, բնակչությունը հիմնականում վճարում է աղբահանության դիմաց։ Համոզված ենք, որ  ծրագրի ներդրման պայմաններում ևս գանձումների հետ կապված խնդիր չենք ունենա, այդ թվում՝ իրավաբանական անձանցից։ Մենք համատեղ պետք է կարգավորենք բոլոր տեխնիկական, իրավական, կազմակերպչական հարցերը,  որպեսզի ունենանք կենցաղային կոշտ թափոնների կառավարման արդյունավետ մեխանիզմ, որակյալ ու անխափան սպասարկում։ Մարզպետարանը ձեր թիմին կաջակցի բոլոր հարցերում»,- նշեց մարզպետը։

Հանդիպման ավարտից հետո Կառեն Էբեռլին և թիմի անդամները Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ այցելեցին կենցաղային կոշտ թափոնների հավաքման վայրեր, աղբահանություն իրականացնող հիմնարկներ՝ տեղում ծանոթանալու աղբի հավաքման ու հեռացման, աղբավայրերի շահագործման գործընթացներին։

Խոսրով Խլղաթյան 


© 2009 ARMENPRESS.am