Գյումրիում տան գազի վառարանի պայթյունի հետևանքով 65-ամյա բնակիչը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է

11:46, 28 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․ առկա է փլուզման վտանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հյուրասենյակում գազի վառարանից տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյուն. վնասվել են երկու պատուհան, մուտքի դուռը և հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 9 քմ)»,- ասվում է աղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տան բնակիչ Գ․ Մ․-ն (ծնված 1956 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:


© 2009 ARMENPRESS.am