ՀՀ ՊՆ ղեկավարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր

19:52, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեսպան Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am