Արարատ Միրզոյանը Գորդան Ռադմանին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

09:48, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Քաղաքական երկխոսության խորացման տեսանկյունից կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի վերաբերյալ։

Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

 


© 2009 ARMENPRESS.am