Հայաստանի ֆոնդային բորսայում առևտրի ծավալներն աճել են
21:09, 10 Դեկտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 2021-ի նոյեմբերի ամփոփ տվյալները 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖԲ-ից՝ հավելելով, որ ընթացիկ տարվա նոյեմբերին տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 28․4 մլրդ դրամ:
«Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է ավելի քան 4․6 մլրդ ՀՀ դրամ՝ 2020 թ․-ի նոյեմբերի համեմատ գրանցելով 116% աճ: Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 24 գործարք։
Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի նոյեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 493 մլրդ դրամ, որը 10%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2020 թ․-ի նոյեմբերի համեմատ աճել է 81%-ով՝ հատելով 5.4 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 228 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 105-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, որը գերազանցում է 2020 թ․-ի նոյեմբերի համապատասխան ցուցանիշը 4%-ով։
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 32 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 25%-ով՝ հասնելով 169 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 21 գործարք։
© 2009 ARMENPRESS.am