ՀՀ-ում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի թիվն աճում է. Ուռուցքաբանության կենտրոնը նոր ծրագիր է իրականացնում

14:48, 13 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացված անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի շրջանակում հետազոտվել է 699 բուժառու: Նրանցից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ, 159-ի մոտ բարորակ գոյացություններ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ ծրագիրը սկսվել էր ընթացիկ տարվա հունվարի 1-ից ու նախատեսված էր անցկացնել մինչև հունիսի 30-ը: Անվճար կոլոնոկոպիա կարող էր անցնել 45 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

«Դիմելիությունն այնպես ակտիվ էր, որ նախատեսված մինչև վերջին օրը դեռ մարդիկ գրանցվում էին: Այսինքն՝ հունիսի 30-ը ներառյալ դեռ մեզ դիմում էին: Որոշում կայացվեց ծրագիրն իր ամբողջական ավարտին հասցնել ու բոլոր գրանցվածների հետազոտությունն անցկացվեց մինչև նոյեմբերի վերջ: Ասեմ, որ իր տեսակով աննախադեպ միջոցառում էր: Այն իր ազդեցությունը կթողնի վիճակագրական տվյալների վրա: Դրանից բացի, այն նպաստում է  հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հայտնի է, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում պետությունն ու բուժառուն ավելի քիչ գումար են ծախսում, քան երբ այն արդեն խորացած է»,-ասաց Նարեկ Մանուկյանը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ շատերը եկել էին պարզապես հետազոտվելու՝ չունենալով որևէ գանգատ: Հետազոտվածներից 4-ի մոտ քաղցկեղ հայտնաբերվել է բավական վաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել էնդոսկոպիկ եղանակով հեռացնել: Արդյունքում, այդ բուժառուները շրջանցել են մեծ վիրահատություններն ու քիմիաթերապիան:

 «Ամբողջ աշխարհում քաղցկեղային հիվանդությունների շրջանում իր տարածվածությամբ հաստ աղիքի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի հայտնաբերվում է նոր մեկ մլն դեպք: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդության աճի միտում կա: Եթե համեմատենք 2009-2019 թվականի տվյալները, ապա կտեսնենք, որ 10 տարվա ընթացքում հաստ աղիքի քաղցկեղի աճ կա մոտ 150 նոր դեպքով»-ասաց Վլադիմիր Նահապետյանը:

Անդրադառնալով հիվանդության առաջացման պատճառներին՝ մասնագետը ներկայացրեց հիմնական ռիսկի գործոնները: Ըստ դրանց՝ ժառանգականությունն է, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումն, անառողջ սնունդը:


© 2009 ARMENPRESS.am