Ջեյք Սալիվանը Հայաստանի ԱԽՔ-ի հետ հանդիպմանը չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է որակել

09:53, 16 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին Վաշինգտոնում  հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարօրություն հաստատելու հարցում: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվող լարվածության առնչությամբ և շեշտել է, որ ռազմական տեղաշարժը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ է: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակել աջակցել վստահություն առաջացնող մեթոդներին ու տարածաշրջանային հաշտեցմանը՝ ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Պարոն Սալիվանը ողջունել է երեկ տեղի ունեցած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ քննարկելու կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սպիտակ տնից նշել են նաև, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Ժողովրդավարության գագաթնաժողով»-ին և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման հարցում:


© 2009 ARMENPRESS.am