Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

18:07, 16 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է նորաբաց նվիրակության տարածքում:

«Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակությունն իր ներկայությամբ ու գործունեությամբ կնպաստի Երևանի և Վատիկանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին իր պաշտոնական այցը Սուրբ Աթոռ և հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am