«Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

09:15, 22 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգը մեր պատմությունն է: Հիշողություն է երգը: Երգը օգնում է մեզ թե ուրախության, թե տխրության ժամին: Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք… Ահա թե ինչ է երգը: Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին: Երգերը դաստիարակության հզոր միջոց են: Նրանց մեջ արտահայտված են եւ աշխատասիրություն, եւ անձնազոհություն, եւ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին: Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին…»:

 

Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժամանակին տողերիս հեղինակին բախտ է վիճակվել բախել այս մեծ հայի բնակարանի դուռը, երկար ու անուշ զրույց ունենալ նրա հետ, ձայնագրել իննսունն անց Հայրիկի խոսքն ու երգային քառատողեր: Երբ խոսք բացվեց իր արմատների, ծննդավայրի մասին, աչքերից արցունքի կաթիլներ ծորացին, պատմեց, թե որտեղ, ինչպես է պաշտելի մայրը լույս աշխարհ բերել իրեն. գարնանային մի օր մայրը գնացած է լինում Առնոս լեռան լանջ՝ կանաչի հավաքելու: Հանկարծ երկինքը մթնում է: Սկսված անձրեւը փոխվում է կարկտի: Մայրը դրանից պաշտպանվելու համար ծածկում է գլուխը մեծ տերեւներով, մինչեւ որ հասնում է մի քարանձավի: Այդ ժամանակ հանկարծակի բռնվում են ծննդաբերության ցավերը, եւ աշխարհ է գալիս ինքը: Մայրը նորածնին փաթաթում է իր զգեստի մի կտորով: Հայրը, տեսնելով, որ եղանակը փոխվել է, անհանգստանում եւ շտապում է Առնոս լեռ՝ գտնելու կնոջը: Հասնելով քարանձավի մուտքի մոտ՝ զարմացած ու ուրախացած նայում է կնոջը եւ որդուն ու տուն բերում նրանց: Հետագայում իմանալով իր առասպելական ծննդի մասին՝ հետեւյալ տողերն էր նվիրելու մորը.

Խավրծիլ գափը ինձ եղավ ներքնակ,

Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,

Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ,

Եվ ես զգացի հողմերի համբույր…

Եվ օրհնյալ էր լինելու այդ ծնունդը 1905 թ. մարտի 3-ին՝ Վանի նահանգի Շատախ գավառի Ջնուկ գյուղին մերձակա Առնոս լեռան լանջերին: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր փայփայելու՝ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դնելու՝ ասելով. «Թող շալկատար դառնա, մեջքն ամուր լինի…» , հայրը «Նարեկ» էր դրել՝ «Թող գիտուն լինի», իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը եւ ասել՝ «Թող ֆիդայի դառնա…»: Հարեւան գյուղի ավագ քահանան, որ կրթվել եւ դաստիարակվել էր Խրիմյան Հայրիկի շնչի ներքո, նրան կնքելու  էր Հայրիկ անվամբ՝ ի պատիվ ազգընտիր կաթողիկոսի: Իսկ մինչ դառնալը այն, ինչ ճակատագիրն էր վերապահել, փոքրիկը սովորելու էր Վանի դպրոցում, ուսանելու Սիլվա Կապուտիկյանի հոր՝ Բարունակ Կապուտիկյանին, աշխարհագրագետ Մատիր Խերանյանին, երգեցողության ուսուցիչ պարոն Սենեքերիմին: Այդ նրանցից էր Հայրիկը սովորելու հայ երգն ու բառուբանը:

Ընդամենը 10 տարեկան էր, երբ Շատախի հայությունը ստիպված էր լքելու հարազատ բնօրրանը. 1915-ի արյունոտ նախճիր էր սկսվել: Մուրադյանների 54 անդամանոց գերդաստանը եւս, անցնելով կոտորածների միջով, հասնում է Իրան՝ Սալմաստ, այնուհետեւ վերադառնում Վան, հետո նորից՝ Իրան ու վերջապես՝ Իրաքի անապատները: Մեծ գերդաստանից միայն չորսն են փրկվում՝ Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրը: Ինչ խոսք, սա էլ էր բարեբախտություն:

1921 թվականին մահվան երախից հրաշքով փրկվածներն արդեն Հայաստանում են՝ հաստատված Վերին Արտաշատում: Այստեղ էլ Հայրիկն ավարտում է դպրոցը, այնուհետեւ պետհամալսարանի պատմության ֆակուլտետը: Բուհական կրթության ընթացքում մոտիկից շփվում է Հրաչյա Աճառյանի, Արսեն Տերտերյանի, այլ երեւելի դեմքերի հետ: Իսկ աշխատանքային գործունեությունն սկսում է շրջաններում ղեկավար պաշտոնների վարումով: Դա առիթ էր՝ շփվելու գեղջկական միջավայրի մարդկանց հետ, որոնցից էլ սովորելու եւ գրի էր առնելու հայ ֆոլկլորին հարազատ բազմաթիվ ազգագրական երգեր: Բայց առջեւում դեռ ստալինյան բռնարարքների ժամանակներ կային. 1937-ին հայ շատ մտավորականների նման Աղասի Խանջյանի դրածո լինելու ստահոդ մեղադրանքով նա էլ է հայտնվում բանտում: Բախտի պարգեւ էր, որ բացվում են բանտի դռները: Այդուհետ՝ երկրորդ աշխարհամարտ: Հայրիկ Մուրադյանը, որպես քաղաշխատող, մեկնում է ռազմաճակատ, Թերեքի հովտում մարտնչում թշնամու դեմ, մասնակցում Հյուսիսային Կովկասի, Հարավային Ռուսաստանի բազմաթիվ քաղաքների ու գյուղերի ազատագրմանը:

1965 թվական. առաջին անգամ եթերով հնչում են Հայրիկ Մուրադյան ամենաինքնատիպ երգչի հայրենակարոտ երգն ու ձայնը: Հայ ավանդական երգերը սկսում են ձայնագրվել Հայաստանի ազգային ռադիոյում: Նրա կատարմամբ բազմաթիվ երգեր հնչում են հայկական սիրված կինոնկարներում: Ապա իր եւ դստեր՝ Մարոյի ջանքերով ծնունդ էր առնելու «Ակունք» ազգագրական համույթը՝ վայելելով լայն ճանաչում հանրապետությունով մեկ ու նրա սահմաններից դուրս: Ինքը՝ վաստակաբեռն երգիչն ու ազգագրագետն էր սիրված համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն, որը հետագայում ղեկավարելու էր դուստրը՝ Մարո Մուրադյանը, որին եւս վերապահված էր ստեղծելու ուսանողական, մանկական ազգագրական բազմաթիվ համույթներ, որոնցից ամենահայտնին երգի-պարի «Հայրիկ Մուրադյան» համույթն էր՝ Հասմիկ Հարությունյանի եւ Ռուդիկ Հարոյանի տնօրինությամբ:

Մեծ է եւ անկորնչելի հայ ավանդական-ազգագրական երգի հայրիկի վաստակը մեր երգարվեստում: Նրա կատարմամբ ձայնագրություններով ներկայացումներ են ձեւավորվել մայր թատրոնում, երկու կատարում տեղ են գտել Փարիզում լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս սկավառակներից առաջինում՝ «Հայաստան» բաժնում: Նա մեզ ժառանգություն է թողել շուրջ 200 երգ, որոնք կոչված են շարունակելու իրենց առաքելությունը՝ սնուցել հայ ոգին:

«Առաջնայինն աստվածայինն է, հոգին պետք է մաքրել ամեն տեսակ թույներից, արատներից»: Նրա երգերը նաեւ սրան են կոչված:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am