Բռնությունը չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին

13:31, 6 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ 

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am