Ֆրանսիական կինոյի լեգենդներից մեկը. «Ափսոսում եմ, որ փոխել եմ ազգանունս… Ուզում էի  հայ լինել, եւ ես հայ եմ»

09:15, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր ժամանակների, թերեւս, ամենահուզիչ «Մայրիկ» ֆիլմն անհնար է դիտել առանց արցունքների: Աշոտ Մալաքյանը, որ աշխարհին հայտնի է Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի է ունեցել 1991 թ. նոյեմբերին՝ Մարսելում: Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում: «Վերնոյին, անշուշտ, հաջողվում է այնքան ցայտուն ու ճշգրիտ ներկայացնել կյանքը, որ հանդիսատեսի աչքերից ուղղակի արցունքներ են գլորվում». այսպիսին էր հեղինակավոր «Լը Մոն դը Պաղի» թերթի արձագանքը կինոնկարն էկրան բարձրանալուց հետո:

Անրին չորս տարեկան էր, երբ 1924 թ. նրանց ընտանիքը գաղթում է օսմանյան Ռոդոսթո քաղաքից: Գաղթի պատճառը Հայոց մեծ եղեռնից հետո Մուստաֆա Քեմալի ղեկավարած թուրք ազգայնականների իշխանության գալն էր: Մալաքյանների ընտանիքը մի կարճ ժամանակով կանգ է առնում Հունաստանում, ապա նավ նստելով՝ որոշում ուղեւորվել Միացյալ Նահանգներ: Սակայն նավարկության ծանր պայմանները թույլ չեն տալիս ավարտին հասցնել ճամփորդությունը: Ինչպես հետագայում փաստելու էր Անրիի որդին՝ Պատրիկը՝ «Արաքսի տատիկը շատ հիվանդ էր, ուստի նրանք կանգ առան Մարսելում: Վախենում էին, որ ավելի երկար նավարկությունը ճակատագրական կդառնա»: Իսկ նրանց միակ ունեցվածքը, որ վերցրել էին իրենց հետ, մի բուռ ոսկեդրամներն էին՝ կարված Արաքսի մայրիկի զգեստի ներսում…

 Ձկնորսական նավերի երբեմնի նավատեր Հակոբ Մալաքյանի ընտանիքը 1930 թվականին հաստատվում է Փարիզում: Անրին, որ վաղ տարիքում երգել էր Մարսելի հայկական եկեղեցում, հաճախել կաթոլիկական դպրոց, ավարտելու էր Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետեւ ստանալով բարձրագույն կրթություն, դառնալու լրագրող, ֆրանսիական մամուլում հանդես էր գալու Հայկական հարցի շուրջ հրապարակումներով, ռադիոհաղորդումներ վարելու կինոարվեստի մասին: Իսկ կինոաշխարհ էր մուտք գործելու 1948-ին՝ նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր՝ նկարահանելով 20 կարճամետրաժ կինոնկար: Նույն թվականին նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի եւ ազատության երգիչը»՝ նվիրված Ավետիս Ահարոնյանին: Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» կինոնկարի ստեղծումով հայազգի ռեժիսորը դասվելու էր Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը: Պատահական չէ, որ նրա ֆիլմերում նկարահանվել են աշխարհահռչակ դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը, այլ մեծություններ:

Վերնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են «Արգելված պտուղ», «Կառնավալ», «Կովը եւ զինվորը», «Նախագահը», «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում», «Սարսափ քաղաքում», «Հազար միլիարդ դոլար», այլ արարումներ: Նրա կինոարվեստով սքանչացել է նաեւ ինքը՝  Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը՝ բարձրաձայնելով. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է…»:

Մեծանուն արվեստագետը հայկական թեմաներով նկարահանել է երկու ֆիլմ՝ «Մայրիկ» եւ «Պարադի փողոց 558»: Ռեժիսորը դրանք ստեղծել է իր ընկերոջ՝ հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով: Հայտնի է, որ «Մայրիկ» ֆիլմի սցենարն ունեցել է ավելի քան 40 տարբերակ, բայց դրանցից միայն մեկը 1985 թվականին հրապարակվում եւ թարգմանվում է 10 լեզուներով՝ ունենալով 200.000 տպաքանակ: Գրքի հայերեն տարբերակը լույս է տեսնում 1988 թվականին՝ ԱՄՆ-ում: «Այս գիրքը, այնուհետեւ նաեւ ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտք էր»,- իր զրույցներից մեկում ասել է Վերնոյը:

Ֆիլմում  գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆը, որին հետագայում արգելվել է մուտք գործել Թուրքիա՝ ֆիլմում նկարահանվելու պատճառով, մի առիթով վերհիշել է, որ «Մայրիկ» ֆիլմի նկարահանման ավարտին Անրին խոստովանեց. «Ափսոսում եմ, որ փոխել եմ ազգանունս: Ուզում էի հայ լինել, եւ ես հայ եմ…»:

Ի դեպ, Աշոտ Մալաքյանը առաջին անգամ հասարակությանը որպես Անրի Վերնոյ ներկայացել է Հայկական հարցի մասին իր հոդվածաշարը տպագրելիս: Իսկ նրա «Մայրիկ» ֆիլմը հազարավորների աչքերն էր բացելու՝ ընկալելի դարձնելով մեր ազգային ողբերգությունը: «Մեզանից շատերը գրեթե ոչինչ չգիտեին 1915 թվականի ցեղասպանության մասին,- գրել է ֆրանսիացի պետական գործիչ Ֆիլիպ Դուստ Բլազը,- Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու անցյալի ողբերգական դեպքերին….»:

Հիշատակելի է նաեւ այն, որ 1988 թ. կործանարար երկրաշարժին նվիրված «Քեզ Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորը նա է՝ Վերնոյը, ով մայր հայրենիքում լինելու բախտ է ունեցել ընդամենը մեկ անգամ: Բայց դա ոչինչ չի նշանակում՝ նա հայ էր, որ պաշտում էր իր ազգը, լեզուն ու հայրենիքը: Ահա իր եսն ու էությունը բնութագրող նրա սեղմ խոսքն ու սքանչացումը. «Ջա՜ն. ի՛նչ գեղեցիկ բառ է… Միթե ես կարող եմ ասել «Բերգման ջան», «Միտերան ջան» կամ «Բելմոնդո ջան»… Իսկ ահա Ազնավուրին կարող եմ՝ Ազնավուր ջա՜ն… Հրաժարվել արմատներից, նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից…»:

Մեծ է աշխարհահռչակ արվեստագետի նվաճումների ցանկը: Բայց նրա ամենամեծ նվաճումն այն անսահման սերն է, որ Աշոտ Մալաքյան-Անրի Վերնոյի ստեղծագործության եւ անձի հանդեպ տածում են մեր երկու՝ հայ եւ ֆրանսիացի բարեկամ ժողովուրդները: Բարեկամություն, որ հունցվում է նաեւ Մեծերի շնորհիվ…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am