ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը

17:56, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում:

«Մենք շատ կարևորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ևս կարևոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալ»,-նշել է վարչապետը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին:

Համակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը: Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ Կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:


© 2009 ARMENPRESS.am