ՀՖԲ-ում տեղի է ունեցել 45 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

19:04, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) հունվարի 11-ին տեղի է ունեցել 45 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖԲ-ից, AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 45 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 78,5 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 1․6 անգամ։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.6031%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 8%:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 11-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել նաև AMGN60294227 և AMGN362942282 ծածկագրերով համապատասխանաբար 3 և 2  մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ։

«Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։

Աճուրդների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am