Մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը ևս անվճար կապահովի պետությունը. նախագիծն ընդունվեց

10:46, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենքի նախագիծը, ըստ որի ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար, այսինքն՝ պետբյուջեի միջոցների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 89 «կողմ», 10 «ձեռնպահ» ձայներ:

Գործող կարգավորումներով՝ պետական դպրոցներում տարրական դասարանի աշակերտներին դասագրքերը փաստացի անվճար, այսինքն՝ պետբյուջեի հաշվին, տրամադրվում է 1-4-րդ դասարանների աշակերտներին: Ըստ նախագծի հեղինակի, սակայն, որևէ տարբերություն չպետք է դրվի՝ երեխան սովորում է պետակա՞ն, թե՞ ոչ պետական դպրոցում:

Ըստ այդմ առաջարկվել է նախագծով սահմանել, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:


© 2009 ARMENPRESS.am