Կկայանա Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգ

11:38, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ համերգ կնվիրի կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Որպես մենակատար երեկոյին հանդես կգա քանոնահար Մարիաննա Գևորգյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հունվարի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Ռուբեն Ալթունյանի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։

Մարիաննա Գևորգյանը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և վերջերս դարձել է Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։ Տաղանդավոր երաժիշտը 115 երկրի 3950 մասնակցների մեջ արժանացել է «Գրան-պրի» մրցանակին։

Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939 թվականին: 1965-ին արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969-ին՝ ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական 2-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 1987-90 թվականներին եղել է Հայաստանի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թվականներին` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում: Հեղինակել է բազում ստեղծագործություններ: 1983 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001-ին` ՀՀ պետական մրցանակի, 2009-ին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կոմպոզիտորը մահացել է 2021 թվականին:


© 2009 ARMENPRESS.am