Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմին․ Քրիստինե Վարդանյան

13:20, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժողովուրդները իրար հետ պատերազմում են, հաղթում են այդ պատերազմում, պատրվում են, սակայն առողջ հասարակությունները կարողանում են երկու արդյունքն էլ տանել արժանապատվությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Առողջ հասարակություններում, ովքեր չունեն մարդատյաց ղեկավարներ, երբեք մի ազգի անուն որպես վիրավորանք չեն օգտագործում, ինչպես Թուրքիայի դեպքում է, երբեք մարդ գլխատելու համար հերոսի կոչում չեն շնորհում, ցեղասպանություն և էթնիկ զտումներ չեն իրականացնում։ Առողջ ղեկավարները քիմիական զենք չեն օգտագործում, սեփական մայրաքաղաքում պատերազմի թանգարաններ չեն բացում, դպրոցներում և մանկապարտեզներում հայատյացություն չեն սերմանում, կարճ ասած 21-րդ դարում չեն դառնում ֆաշիստ։ Ուրեմն ստացվում է Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմին»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը ընդգծեց՝ պետք է բոլորը արձանագրեն, որ առանց հայկական պետականության հայ ժողովուրդը դատապարտված է ստորաքարշ գոյության։

«Պետք է հասկանանք, որ եթե չենք ուզում, որ մեր եղբայրներն ու որդիները ծառայեն հայկական բանակում, չենք ուզում նրանց տեսնել հայկական բանակում, ստիպված ենք լինելու նրանց տեսնել այլ պետությունների զորքերի կազմում, հայկական հարցի հետ կապ չունեցող պատերազմներում մասնակցելիս։ Եթե չենք ցանկանում կերակրել հայկական բանակը, ստիպված կերակրելու ենք այլ պետությունների բանակը։ Կարծում եմ, պետք է իրար հետ պայմանավորվենք, հասկանանք, որոնք են մեր պետականության հիմքերը, իսկ մեր պետականության հիմքերը մեր հավատքն է, մեր լեզուն, մեր մշակույթը և մեր սոցիալ-մշակութային կապերն են»,- եզրափակեց Վարդանյանը։


© 2009 ARMENPRESS.am