ԵՄ կայացման ինստիտուցիոնալ, տնտեսական, քաղաքական, իրավական ու սոցիալ- մշակութային խնդիրներն ամփոփվել են նոր դասագրքում

18:57, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողներն և մասնագետները հնարավորություն կունենան ավելի լավ ճանաչել Եվրոպական միությունը՝«Կոնրադ Ադենաուեր» (KAS) հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Եվրոպագիտություն» դասագրքի միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 27-ին դասագրքի շնորհանդեսին նշեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ գրքի համահեղինակ՝ Նարեկ Գալստյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ գիրքը բաղկացած է երեք հիմնական մասերից։ Այն եվրոպական ինտեգրման, Եվրոպական միության կայացման ինստիտուցիոնալ, տնտեսական, քաղաքական, իրավական ու սոցիալ-մշակութային խնդիրների մասին է: Դասագիրքը ներառում է Եվրոպական միության վերաբերյալ միջգիտակարգային ուսումնասիրության հասկացութային (կատեգորիալ) դրույթները, հիմնական հայեցակարգերը, մեթոդները, մակարդակներն ու ոլորտները։

«Անդրադարձել ենք նաև Եվրոպական միության քաղաքականությանը Հարավային Կովկասում՝ որպես օրինակ վերցնելով Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները»,- հավելեց Նարեկ Գալստյանը։

Համահեղինակը առանձնացրեց, որ դասագիրքն իր թեմատիկ ընդգրկմամբ և ծավալով համեմատելի է Եվրոպական, ընդհանուր արևմտյան առաջատար բուհերում առկա դասագրքերին։

«Պարտադիր էինք համարում, որն այն ունենա այնպիսի թեմատիկ ընդգրկում, որ հնարավորինս հետաքրքրի և ուսանողներին, և մասնագետներին։ Ուստի դրա առանձին հատվածներ՝ կլինեն ենթագլուխներ, թե գլուխներ, կարող են և դասավանդվել, որպես ուսումնական ձեռնարկի օժանդակ նյութ։ Կարծում եմ, որ այն վերաբերում է բոլոր հասարակագիտական ոլորտներին, ուստի դասագիրքը ինչ-որ չափով կարելի է ունիվերսալ համարել»,- ընդգծեց Գալստյանը։

Համահեղինակի խոսքով՝ դասագիրքը թույն կտա ուսանողներին և մասնագետներին ավելի լավ ճանաչել Եվրոպական միությունը։ Նա նշեց՝ դասագիրքը առաջին հերթին ուսումնակրթական նպատակ է հետապնդում, բայց այն կարող է նաև նպաստել պրակտիկ դաշտին այն իմաստով, որ մասնագետներն ի վերջո կարող են ազդել քաղաքական գործընթացներին գոնե հանրային մակարդակով։


© 2009 ARMENPRESS.am