Փոքր դերերի մեծ արտիստը. «Դու իմ դերակատարման համար այնքան փող չտվեցիր, որքան շուկան է ինձ տալիս»

09:15, 3 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես խաղարկային կոմիկ դերասան եմ: Եվ անչափ գոհ եմ, որ այդպիսին եմ, քանի որ այդ կարգի դերերը անսահման հնարավորություն են տալիս դերասանին: Գույներն առատ են, գունապատկերը՝ հարուստ, փնտրիր, ինչքան կարող ես: Հենց սկզբից, ամենաառաջին քայլերից սկսած, ես իմ տարերքի մեջ եմ եղել….

…«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հետո ես այնքան հայտնի էի դարձել, որ հետեւիցս գոռում էին՝«Մուրա՛դ, Մուրա՛դ»… Շրջվում էի՝ մարդիկ նույնությամբ կրկնում էին. «Չբռնեմ կատաղե՞մ…»:

Ավելի հետաքրքիր էր շուկայում. բոլոր վաճառողներն ուզում էին, որ իրենց մոտենամ: Ու բոլորն իրենց ապրանքը համարյա կես գնով էին ինձ վաճառում: Ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին միշտ ասում եմ. «Դու իմ դերակատարման համար այնքան փող չտվեցիր, որքան շուկան է ինձ տալիս…»:

Մուրադ ԿՈՍՏԱՆՅԱՆ

 

«Ուրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ, ու ինձ ասեն՝ նյե՞տ»…

Իրանի արեւի տակ է ծնվել սիրված դերասանը՝ Ատրպատականի նահանգի Սալմաստ գավառի Հավթվան հայաբնակ գյուղում: Ապագա դերասանը դեռ մանուկ հասակից էր տարվելու փահլեւանների խաղով, ազգային ծեսերով ու տոներով: Հետո ճակատագիրն ասես ընդառաջելու էր նրան. Կոստանյանների ընտանիքը անակնկալ տեղափոխվելու էր Ռուսական կայսրության Ցարիցին քաղաք, որտեղ էլ սովորած ռուսերենը հետագայում օգնելու էր՝ մասնակցելու, դերեր մարմնավորելու Պյատիգորսկի, Կիսլովոդսկի սիրողական թատրոնների ներկայացումներում:

Մուրադ Կոստանյանի համար անցնելիք ճանապարհն արդեն որոշակի էր՝ դերասանական արվեստ: Եվ երբ տեղեկանում է, որ Մոսկվայում բացվել է հայկական դրամատիկական ստուդիան, մեկնում է մայրաքաղաք՝ այնտեղ ուսանելու, ծանոթանալու այդ «նոր, սքանչելի աշխարհի» հետ: Եվ ծանոթանում է: Ավելին՝ դերասանական կրթություն ստանալիս խորապես ազդվում, տարվում է Կոնստանդին Ստանիսլավսկու, Եվգենի Վախթանգովի թատերական արվեստով, այս արվեստում նրանց որդեգրած սկզբունքներով: «Ինձ թվում է, թե ես մի գեղեցիկ երազի մեջ եմ եւ ուզում եմ, որ այդ երազը վերջ չունենա»,- ժամանակներ անց այսպես էր վերհիշելու մոսկովյան ուսումնառության սքանչելի շրջանը կատակերգակ դերասանը:

Մոսկովյան «գեղեցիկ երազն» ավարտվելու էր, բայց դերասանի համար նոր ասպարեզներ էին բացվելու Կովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսում. ընդունվում է Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն եւ սկսում հանդես գալ անվանի դերասանների խաղընկերությամբ: Այստեղ էր նաեւ Վարդան Աճեմյանը, որի հետ էլ, որոշ ժամանակ անց, մեկնում է Գյումրի: 1928-ին նրանց ջանքերով է ստեղծվում այժմ մեծանուն ռեժիսորի՝ Աճեմյանի անունը կրող դրամատիկական թատրոնը, որի բեմում Մուրադ Կոստանյանը երկու տարվա ընթացքում կերտելու էր մեկ տասնյակից ավելի տպավորիչ դերեր: Արդեն հասցրել էր վաստակել Գյումրու թատերարվեստի սիրահար հանրության սերն ու համակրանքը, երբ գայթակղիչ հրավեր է ստանում մայրաքաղաքի՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից: Հրաժարվելն անհնարին էր. 1930-ին տեղափոխվում է Երեւան, անդամագրվում բեմական արվեստի մեծերի պակաս չունեցող դերասանական ընտանիքին եւ ուղիղ հիսուն տարի ստեղծագործում մայր թատրոնի բեմում: Կես դար եւ հիսուն դեր: Թվում է, թե բեմական այդ կերպավորումներով էր նա դառնալու հանրաճանաչ, սակայն իրողությունն այլ է՝ դերասանին համաժողովրդական սեր ու ճանաչում էին բերելու տասնհինգ կինոնկարներում խաղացած՝ երբեմն փոքրիկ, բայց տպավորիչ, հիշողությունից երբեւէ չջնջվող այն դերերը, որոնք փայլում են իրենց կատարյալ արվեստով ու առանձնանում անհատականության կնիքով: Վերհիշենք այդ սիրված կինոնկարներից մի քանիսում նրա դերակատարումները՝ Արտավազդին՝ «Երջանկության մեխանիկա», Մատվեյ Եգորիչին՝ «Ժայռը», Պետրոսին՝ «01-99», գյուղացուն՝ «Ձախորդ Փանոսը» եւ, վերջապես, մեր անզուգական Մուրադին՝ «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարում: Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, թե ինչպիսի հեղինակավոր դեմքեր էին նրա խաղընկերներից շատերը մանավանդ այս ֆիլմում. արվեստագետներ, որոնց ստվերում չմնալը բնավ էլ երաշխավորված չէր: Ինչեւէ: Նա եկել էր, որ մեր ծիծաղին ծիծաղ ավելացներ: Եկել էր ապրելու ճիշտ 90 տասնամյակ՝ թողնելով իր լուսածիր հետագիծը հայ կինոարվեստում: Եվ մնալու այդ արվեստում՝ որպես փոքր դերերի փայլուն դերասան…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ  

 

 


© 2009 ARMENPRESS.am