Հայաստանում ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով

12:17, 3 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային համավարակի և պատերազմական ցնցումների պայմաններում  Հայաստանում էական աճել է միջին ամսական աշխատավարձը և ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ ավել է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով: 2021 թվականի ընթացքում Հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ , ինչը 2020 թվականի համեմատ ավել է 19,7 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավել է 38.7 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով 2018 թվականի համեմատ:

«Խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է: Ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը 60.4 տոկոսից դարձել է 51.45 տոկոս»,- եզրափակեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am