Պետական պարտատոմսերի պահանջարկը ավելի քան 2 անգամ գերազանցել է տեղաբաշխման առաջարկը

18:17, 8 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 8-ին տեղի են ունեցել 28 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆոնդային բորսայից, AMGN60294268 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 64 մլրդ ՀՀ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.84%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7% է: «Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ֆոնդային բորսան պարզաբանում է, որ պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարելի է մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։


© 2009 ARMENPRESS.am