Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են անխախտ համագործակցությամբ. Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին

11:58, 9 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին՝ փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ուղերձում Արարատ Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։


© 2009 ARMENPRESS.am