Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութեր առցանց վաճառելու մեջ կասկածվող 4 օտարերկրացու

21:37, 10 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է չորս օտարերկրյա քաղաքացու, որոնք մեղադրվում են առցանց թմրանյութեր վաճառելու մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agenda.ge-ն:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները Եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների հետ միասին ձերբակալել են Բրազիլիայի մի քաղաքացու:

«Նա փորձել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանով Վրաստան տեղափոխել մինչև մեկ կիլոգրամ կոկաին, որը թաքցված է եղել նրա մարմնում»,- ասվում է ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նաև հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցները կանխել են թմրամիջոցների ապօրինի վաճառքը ինտերնետի միջոցով և մայրաքաղաքի տարբեր վայրերում առգրավել են նյութեր:

Այդ հանցանքի համար ձերբակալվել է օտարերկրյա երեք քաղաքացի, որոնցից առգրավվել են մինչև 250 գրամ մեթադոն պարունակող նյութեր և կանխիկ գումար:

Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ազատազրկմամբ կամ ցմահ ազատազրկմամբ։

 


© 2009 ARMENPRESS.am