Գարուն և Զազը համերգներով հանդես կգան Հայաստանում

18:09, 11 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը,  Եֆիմ Բրոնֆմանը և այլք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին լրագրողների  հետ հանդիպմանն ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն, «Սոնատի» ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ «Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում 2022-ի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթնաժողովը: Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնն ասոցիացիայի անդամ է:

«Փառատոններ են նախաձեռնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պատերազմող երկրներին հաշտեցնելու նպատակով, և մենք 2013 թվականից աշխատում ենք փառատոնային  գագաթնաժողովներից մեկը Հայաստան բերելու համար»,-նշեց նա և տեղեկացրեց, որ գագաթնաժողովին Եվրոպայից 25 քաղաքապետ կժամանի Երևան, 100 փառատոնի ղեկավար: Համերգներով կներկայանան աշխարհահռչակ դասական երաժիշտներ դաշնակահար Դենիս Մացուևը, «Գրեմմի»-ի դափնեկիր դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը և այլք:

Նրա խոսքով՝ ապրիլին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Մարզահամերգային համալիրում հանդես կգա ֆրանսիացի երգիչ Գարուն:

Սոնա Հովհաննիսյանը հայտնեց, որ «Սոնատի» ընկերության ջանքերով կյանքի են կոչելու «Հայա» ճամբարայի ձևաչափի փառատոնը, որի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 30-ին բացօթյա հարթակում: «Այն անցկացվելու է Արագածոտնի մարզում: Ժամանելու են փոփ, ջազ, ռոք և այլ ժանրերում ստեղծագործող արտիստներ: Հուլիսի 1-ին կլինի «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ ծրագիրը, որի նպատակը խմբի երգերը մշտապես հնչեցնելն է, հաջորդ օրը ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը: Ակնկալում ենք հյուրընկալել մինչև 100 հազար մարդու»,-շեշտեց նա:

Փառատոնի նախաձեռնողների համար կարևոր է այն կազմակերպել մի վայրում, որտեղից լավ կերևա Արարատ լեռը: Հովհաննիսյանի խոսքով՝ աշխարհում նման փառատոններ շատ կան, սակայն մեր երկրում այն կազմակերպելու համար պետք են  լուրջ կապեր, հեղինակություն: «Բանակցություններ ենք վարում, որպեսզի 2023-ին հյուրընկալենք Սթիվի Ուանդերին, Սթինգին: Ուզում ենք Հայաստանը վերածել տարածաշրջանային մեծ «hub»-ի, որը զբոսաշրջության զարգացման նոր էջ կբացի ու կնպաստի տնտեսության զարգացմանը»,-եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am