Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցը

09:05, 14 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Հիմնվելով երկու տնտեսություններում առկա ներուժի վրա՝ հիմնավոր սպասումներ կան, որ հնարավոր է մեծացնել առևտրի ծավալը։ Քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու հաստատակամությամբ։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Անդրես Կաֆիերոն՝ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:

-Հայաստանն ու Արգենտինան այս տարի տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է զարգանում քաղաքական երկխոսությունը:

-Իսկապես, մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի նշման կապակցությամբ հունվարի 17-ին փոխանակել ենք նամակներ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որոնցում երկուստեք ընդգծել ենք մեր ժողովուրդներին միավորող պատմական բարեկամական կապերը և ընդհանուր հայացքն առ ապագա՝ բարեկամության և համագործակցության ընդհանուր հորիզոնից։

Այդ առումով, նպատակահարմար եմ համարում հիշեցնել, որ Արգենտինայի կողմից Հայաստանի՝ որպես ինքնիշխան և անկախ պետության ճանաչումը եղել է 1920թ.։ Հետագայում, ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ 1992թ. սկզբին։ Նախ` Հայաստանն իր դեսպանությունը բացեց Արգենտինայում 1994թ. մայիսին, հետո իմ երկիրը Հայաստանում՝ 2010թ. մայիսին։

Արգենտինան դրական է գնահատում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն ամուր հիմքեր և հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարատև ավանդույթների վրա։ Այդ համատեքստում, քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ կապերը շարունակաբար խորացնելու և համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու մեր կողմից առկա կամքով։

-Աշխարհում համավարակն ազդեցություն թողեց բոլոր երկրների տնտեսական կապերի վրա: Բացասական ներգործությունից անմասն չեն նաև Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները: Թեև երկու երկրների առևտրատնտեսական կապերը բավական համեստ են, արդյոք տեսնո՞ւմ եք ներուժ կապերի աշխուժացման և ո՞ր ոլորտներում: Հայաստանի տնտեսության ո՞ր բնագավառներն են հետաքրքրություն ներկայացնում Արգենտինայի գործարարների համար՝ նոր կապեր ստեղծելու առումով:

-Համամիտ եմ Ձեր նկատառման հետ՝ համավարակի առաջացրած, և դեռ առկա  բացասական հետևանքների վերաբերյալ, բոլոր առումներով, և հատկապես երկրների հարաբերման հարթությունում։ Եթե խոսենք տնտեսական հարաբերությունների մասին ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակի ընթացքում Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Ամբողջ Եվրասիայում Արգենտինան կարողացել է ունենալ այդպիսի դիրքավորում միայն Հայաստանում և կարծում եմ, որ դա ընդգծման արժանի հանգամանք է։ Մյուս կողմից, ճշմարիտ է, որ մեր առևտրային փոխանակումները դեռ համեստ են։ Սակայն, հիմնվելով այն ներուժի վրա, որ տեսնում ենք մեր երկու տնտեսություններում, հիմնավոր սպասումներ ունենք, որ ունակ կլինենք մեծացնելու մեր առևտրի ծավալը։ Այս առումով, Երևանում Արգենտինական առևտրային պալատի ստեղծումը 2021թ. սեպտեմբերին, որը խթանվել է մեր դեսպանության կողմից, կարևոր գործիք կլինի առևտրի զարգացումը շարունակելու համար, կծառայի որպես կամուրջ երկու երկրների գործարարների միջև, կխթանի փոքր և միջին ձեռնարկատիրությունը և կընդգրկի երիտասարդ փորձագետներին։ Նույն տրամաբանությամբ, 2021թ. օգոստոսին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր «Էնթերփրայզ Արմենիա»-ի ու Ներդրումների և միջազգային առևտրի արգենտինական գործակալության միջև, որը թույլ կտա ամրապնդել համատեղ առևտրատնտեսական նախաձեռնությունները։ Այսինքն, նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում կարողացել ենք հասցեական քայլեր ձեռնարկել ուղղված մեր առևտրային փոխանակումների աճին։

-Հայաստանն ու Արգենտինան զարգացնում են համագործակցությունը նաև միջազգային բազմակողմ հարթակներում: Արգենտինան Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ 2022թ. նախագահում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդում, որտեղ բոլորովին վերջերս փոխնախագահ ընտրվեց ՀՀ ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Բազմակողմ հարթակներում երկու երկրների գործակցությունն ինչպե՞ս կբնութագրեք և խորացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում:

-Մեր երկրները կիսում են արժեքներ և տեսլականներ, որոնք բազմակողմ ոլորտում, արտահայտվում են հստակ քայլերով՝ ուղղված աղքատության դեմ պայքարին, անհավասարությունների նվազեցմանը, արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը, ինչը կտանի դեպի հավասարաչափ տնտեսական զարգացում։ Սրանք ընդամենը ուղղություններից մի քանիսն են։ Այս բոլոր նախաձեռնություններում կան ընդհանուր դիրքորոշումներ և հնարավորությունների լայն շրջանակ, որպեսզի աշխատենք միասնաբար մեր հայ բարեկամների հետ։ Այդ առումով, միջազգային հարաբերությունների այնպիսի պահի, ինչպիսին ներկան է, միջազգային հանրության առաջ ծառացած այդչափ և այդքան կարևոր մարտահրավերներով, բազմակողմանիությունը գերակա է դառնում, ինչպես երբևէ, որպես ամենակարևոր և օգտակար գործիքը, որից պետք է օգտվենք այն երկրներս, որոնք ունեն հակվածություն և հանձնառություն՝ տալու պատասխաններ շտապ հարցերի, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, գենդերային անհավասարությունների դեմ պայքարը կամ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը։

Այս և այլ խնդիրների համար լուծումների փնտրտուքում, մեր երկրներն ունեն ընդհանուր տեսակետներ և խորքային ընդհանրություններ, որոնք, անկասկած, կարող են առաջացնել խելացի և արդյունավետ առաջարկներ այն տարաբնույթ բնագավառներում, որոնցում այդ հարցերը բարձրացվում են և քննարկվում։

-Երևանում գործում է Արգենտինայի դպրոց, անվանակոչված է հրապարակ, տեղադրված են արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի և Արգենտինայի ազգային հերոս, գեներալ Խոսե դե Սան Մարտինի կիսանդրիները։ Երևանի վարչական շրջաններից մեկը զարդարում է Բուենոս Այրեսի այգին: Չնայած երկու երկրների հեռավորությանը՝ մշակույթները մոտ են ու հոգեհարազատ: Ինչպե՞ս եք գնահատում հումանիտար կապերի ներկա մակարդակն ու համատեղ ի՞նչ նոր ձեռնարկների կարող ենք ականատես լինել ապագայում:

-Ինձ համար հաճելի է իմանալ Հայաստանում Արգենտինայի ներկայության վերաբերյալ։ Այստեղ նույնպես, ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Կորդոբայում, կան Հայաստանի հետ կապված հանրային տարածքներ, օրինակ՝ Ասեվեդո փողոցի հատվածը՝ Կորդոբա և Սանտա Ֆե պողոտաների միջև, անվանակոչվել է «Արմենիա»՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի՝ Արգենտինա կատարած այցի կապակցությամբ՝ 1983 թվականին։

Բուենոս Այրեսի ամենաավանդական և հինավուրց թաղամասերից մեկի մի հատվածը՝ Պալերմոն, հյուրընկալում է բազմաթիվ կառույցներ կապված Հայաստանի հետ և համայնքի ավանդական կենտրոնն է։ Այնտեղ են գտնվում Հայկական կենտրոնը, Սբ Գրիգոր Լուսավորչի տաճարը, ինչպես նաև սննդամթերքի և ավանդական առարկաների վաճառքի կետեր, բոլորը շատ հեղինակավոր և հարգված կառույցներ են։

Կորդոբա քաղաքում, իր հերթին, համայնքի հիմնական նստավայրը Պույռեդոն թաղամասում է, որտեղ տեղակայված է Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցին, հայ ավետարանչական Մարանաթա եկեղեցին և Սահակ Մեսրոպ դպրոցը՝ նվիրված երկլեզու կրթությանը։

Բոլոր այդ հաստատությունները, ճեմուղիները, զբոսայգիները և դպրոցներն ակներև ընդգծում են այն խորը կապը, որ ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական մակարդակում վկայում են մեր երկրների միջև հարաբերությունների մասին։ Ամեն ինչ կարծես հուշում է, որ ապագայում միայն ունենք այդ ամենի ամրապնդման և խորացման ուղի, մեզանից է կախված այդօրինակ կապերի խթանման շարունակությունը։

-Արգենտինան ջերմ ու հոգատար տուն է բավական խոշոր հայ համայնքի համար: Ինչպե՞ս եք գնահատում համայնքի դերը երկու պետությունների հարաբերությունների խորացման, հոգևոր ու մշակութային առնչությունների ամրացման գործում:

-Ուժեղ հայկական համայնքը շատ կարևոր դեր է կատարում երկու երկրների հարաբերությունների կառուցման հարցում։ Մարդկանց միջև շփումները, փոխանակումները, ճանապարհորդությունները և այցերը կենդանի են պահում ծագման երկրի հետ կապը և, միաժամանակ, տարածում են ավանդույթները, մտածելակերպը և հարուստ հայկական մշակույթի բազմաթիվ արտահայտություններն Արգենտինայում։ Այնպես, որ նրանց ներդրումն ազգային կառուցմանը արտահայտվում է բազմաթիվ բնագավառներում և եղել է շատ նշանակալի։

Տեղյակ եմ նաև, որ խոսքը շատ լավ կազմակերպված համայնքի մասին է, որն ունի բազմաթիվ հաստատություններ, որոնք փորձում են պահպանել ավանդույթները և մշակույթը, որոնց մեջ կան թերթեր, եկեղեցիներ և դպրոցներ, որտեղ ուսուցանվում է և տարածվում հայոց լեզուն։

Անշուշտ, համայնքը շատ կարևոր կապիտալ է մեր երկկողմ հարաբերությունում։

Հարցազրույցը՝ Նարինե Նազարյանի


© 2009 ARMENPRESS.am