Թող կրթօջախը միայն ձեռքբերումներ ունենա. 112 դպրոցը խոշոր միջոցառմամբ հաջողություններ մաղթեց երկարամյա տնօրեն Սարգիս Քարամյանին

17:10, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարգիս Քարամյանը, որը՝ որպես աշակերտ, հետո՝ որպես ուսուցիչ, այնուհետև՝ որպես տնօրեն, ավելի քան երեսուն տարի իր կյանքը կապել է Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի հետ, 2022-ին անցավ վաստակած հանգստի: Դպրոցի աշակերտները, ուսուցիչները, կրթության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, բարձր գնահատելով Քարամյանի ավանդը 112 դպրոցի կայացման և զարգացման գործում, նրան նվիրված միջոցառում էին կազմակերպել:

Հայ դասականների երաժշտական ստեղծագործությունների ուղեկցությամբ դպրոցի աշակերտները ժպիտով էին ընդունում բոլոր հյուրերին՝ նրանց ուղեկցելով դահլիճ:

Մինչ միջոցառման մեկնարկը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Քարամյանը խոստովանեց՝ 112 դպրոցում լինել աշակերտ, ուսուցիչ, հետո՝ տնօրեն, բավականին հետաքրքիր է: «Չեմ կարող ասել, թե որ շրջանն էր ինձ համար ամենահիշվողը, ամենազգացմունքայինը, ամենապարտավորեցնողը: Երբեմն ասում եմ՝ իմ դպրոց, և շատերին թվում է, թե որպես տնօրեն եմ այդպես արտահայտվում, բայց այդպես չէ: Վեց տարի աշակերտ եմ եղել, չորս տարի՝ ուսուցիչ և 30 տարի՝ տնօրեն: Իմ ամբողջ գիտակցական կյանքը կապված է եղել 112 դպրոցի հետ»,-շեշտեց Քարամյանն ու հավելեց՝ գնում է դպրոցից, սակայն դա էլ  հարաբերական է, քանի որ իր ուժերի չափով աջակցելու է իր դպրոցին:

Նրա խոսքով՝ այն, ինչը իրենն է, պետք է լավը լինի: «Իմ ընկերը պետք է լավը լինի, հարևանը, կոլեկտիվը, իմ օջախը ևս: Ինձ համար 112 դպրոցն օջախ է, ուղղակի դիմացն ավելացված է «կրթ» բառը: Այստեղ հրաշալի կոլեկտիվ է՝ միասնական, որի շնորհիվ բազմաթիվ ծրագրեր ենք կարողանում իրականացնել: Խորհրդային տարիներից սկսած 112-ը միակ փորձարարական դպրոցն էր, որտեղ 6-ամյա ուսուցում, հոսքային ուսուցում, դասագրքերի, մեթոդական ամենօրյա փորձարարական աշխատանքներ էին արվում: Լավագույնն էինք ժամանակին, հետո  սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով ինչ-ինչ բաներ վերափոխվեցին, ինչը բնական է»,-շեշտեց Սարգիս Քարամյանը:

Քարամյանը կարևորեց այն հանգամանքը, որ շուրջ երեք տարի 112 դպրոցն աշխատում էր անհատական ուսումնական ծրագրով: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա ավագ դպրոցներում խմբային ուսուցումն սկսվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, սակայն, բավականին լուրջ քննարկումներ  անցկացնելով Կրթության ազգային ինստիտուտի հետ, որոշվել է՝ 112 դպրոցում 11-րդ դասարանցիները հանձնեն պետական ավարտական քննությունները և 12-րդ դասարան փոխադրվեն՝ հիմնական շեշտադրումն անելով հոսքային առարկաների վրա:

«Այս երեք տարվա փորձը ցույց է տալիս, որ փայլուն արդյունք ունենք: 102 աշակերտից 47-ը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն առանց կրկնուսույցի,  որից 17-ը՝ անվճար: Կուզեի, որ 102-ից 102-ն էլ ընդունվեին անվճար համակարգ: Ավագ դպրոցի առաքելությունը դա է»,-նշեց նա:

Աշակերտներին գիտելիքներ փոխանցելուց զատ Սարգիս Քարամյանը կարևորում է  մարդկային դրական հատնակնիշների ձևավորումը: Նա ընդգծեց՝ ավագ դպրոցում սովորում են տարբեր դաստիարակությամբ, կրթական տարբեր մակարդակով ու նպատակներով աշակերտներ: Դպրոցի առաջնահերթ խնդիրներից է դասարանական կոլեկտիվ ձևավորելը, որ աշակերտները ոչ թե միմյանց մեջ մրցակիցների տեսնեն, ընկերների, որոնք մաքուր փոխհարաբերություններ ունեն:

Դպրոցում հաճախ են տարաբնույթ միջոցառումներ կազմակերպում, այցելություններ նախաձեռնում թանգարաններ, օպերա, թատրոններ, այլ մշակութային հաստատություններ, մշակութային հուշարձանների տարածքներ: Դրա համար գումար չեն հավաքում. ֆինանսական ծախսերը հոգում են դպրոցի բարեկամ ծնողները: Այդ ամենը նպաստում է  լավ մարդ ձևավորելուն:

Քարամյանը շեշտեց՝ հեռանում է դպրոցից, բայց միշտ պատրաստ է աջակցելու իր կրթօջախին: «Դպրոցն ինձ համար սրբավայր է: Գնում եմ, բայց ցանկանում եմ, որ 112-ը բառի բուն իմաստով լինի կրթօջախ: Ամեն ինչ ունի սկիզբ, ընթացք և ավարտ: Նպատակահարմար կգտնեն, կարտահայտեմ իմ կարծիքը, խորհուրդ տալ չեմ սիրում, չեն ցանկանա, թող հաջողություն, նոր ձեռքբերումներ, բարի երթ լինի, թող դպրոցը լավագույններից լավագույնը դառնա»,-եզրափակեց Սարգիս Քարամյանը:

Դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Շիրինյանը, որը երկար տարիներ աշախատում է Սարգիս Քարամյանի հետ, նշեց՝ վերջինս մարդկային բարձր հատկանիշների տեր մարդ է, ուսուցիչ և տնօրեն: «Նա հավասարապես  ուշադիր է եղել թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների, թե՛ դպրոցի այլ աշխատակիցների նկատմամբ: Քարամյանը կարողանում էր խրախուսել բոլորին, քաջալերել: Նա կազմակերպչական մեծ ջիղ ունի, ինչը շատ կարևոր է: Քարամյանի շնորհիվ դպրոցում մշտապես հետաքրքիր միջոցառումներ են անցկացվել, որոնց բոլորը սիրով են մասնակցել»,-ընդգծեց նա:

Շիրինյանը կարևորց նաև այն, որ Քարամյանի ջանքերով վերանորոգվել է դպրոցը, այգին, կաբինետներն ապահովվել են անհրաժեշտ պարագաներով: «Նա մեծահոգի է բոլորի նկատմամբ: Ցավով եմ մտածում, որ հրաժեշտ ենք տալիս պարոն Քարամյանին, քանի որ նրա շնորհիվ նվաճումներ ենք ունեցել՝ աշակերտները հաղթանակներ են գրանցել տարբեր օլիմպիադաներում,  ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ ուսուցիչները խրախուսվել են»,-նշեց Շիրինյանը:

Միջոցառմանը, որին մասնակցում էին դպրոցի սաները, հնչեցին երաժշտական կատարումներ, ասմունք, երգ ու պար, երախտագիտության ու մաղթանքի ջերմ խոսքեր՝ նվիրված վաստակաշատ ու սիրված տնօրենին:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am