Արարատի մարզում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է. դատախազ Արմեն Չիչոյանի հարցազրույցը

11:32, 14 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին Արարատի մարզի դատախազության առաջնային քայլերը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, պետական շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացումն է: Մարզում հանցավորության վիճակի, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերի, կոռուպցիայի դեմ պայքարի, 2022 թվականի ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի հետ:

-Պարոն Չիչոյան, 2021 թվականին Արարատի մարզում հանցագործության քանի՞ դեպք է գրանցվել, ինչպիսին է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը և այս առումով ինչպիսի դինամիկա է առկա նախորդ տարվա համեմատությամբ:

-2021 թվականի ընթացքում Արարատի մարզում արձանագրված հանցագործությունների քանակը կազմել է 1922 դեպք, նախորդ տարվա 1856-ի դիմաց: Այսինքն, դեպքերն աճել են 66-ով կամ 3.6 տոկոսով:

Ընդ որում, ըստ բնակավայրերի, տարբեր իրավիճակներ ունենք: Օրինակ, եթե Մասիսում ունենք հանցագործության դեպքերի նվազում 2.9 տոկոսով, ապա Արարատում և Արտաշատում դրանք ավելացել են՝ համապատասխանաբար 8.7 տոկոսով և 5.6 տոկոսով: 

Պետք է նկատի ունենալ, որ հանցագործությունները, դրանց պատճառներն ու նպաստող պայմանները ենթարկվել են որակական փոփոխությունների: Կատարելագործվել են կատարման մեխանիզմները, հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված: Մեր համոզմամբ, հանցագործությունների հակազդման գործընթացը հիմա ենթադրում է ավելի համալիր, ընդգրկուն ու «պայքար հանցավորության դեմ» հասկացության բովանդակությանը համապատասխան մոտեցում: Հանցավորության դեմ պայքարը պետք է իրականացվի պաշտոնապես ճանաչված քաղաքականությամբ՝ հաստատված ազգային ռազմավարական ծրագրի հիման վրա, որում հստակեցված են դրա բոլոր դերակատարների ծրագրային անելիքները՝ տարրական կրթություն ապահովող դպրոցից մինչև ՀՀ դատախազություն: Այս հրամայականը շատ հստակ բարձրաձայնում է դատախազությունը:

Պետք է նշեմ, որ արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 76 տոկոս, նախորդ՝ 2020թ. 73.3 տոկոսի դիմաց: Այսինքն, հանցագործությունների բացահայտման առումով ունենք դրական դինամիկա, ինչը պայմանավորված է այս ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից առավել մեծ ջանքերի գործադրմամբ: 2022 թ., բնականաբար մեր հիմնական խնդիրը լինելու է այս միտումների շարունակականության ապահովումը:

Մարզի դատախազության կողմից, պայմանավորված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով ձեռք բերված փաստերով, միջոցներ են ձեռնարկվում դրանց կատարմանը նպաստող պայմանների և պատճառների վերացման ուղղությամբ: Այդ նպատակով, մասնավորապես  2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից պատկան մարմիններին, կազմակերպություններին ուղարկվել է 12 միջնորդագիր: Դրանցից 8-ն արդեն իսկ քննարկվել են պետական մարմինների կողմից և պատասխանատու անձանց տրվել են համապատասխան հանձնարարություններ:

-Ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի շատ գրանցվել և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ:

-Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ՝ 3 դեպքով (19-16): Բացահայտումը կազմել է 68,4 տոկոս` գրեթե նույնքան, որքան 2020թ.: Հրազենի գործադրմամբ կատարված դեպքերը նվազել են 3-ով (6-9), բոլորը բացահայտվել են:

Ծանր հանցագործություններն ավելացել են 10-ով (190-180), կամ 5,6 տոկոսով: Ընդ որում՝ այս բնույթի հանցագործությունների պարագայում 2020թ. համեմատ ունենք բացահայտման էական բարելավում՝ շուրջ 12 տոկոսով. Եթե 2020թ. բացահայտվել էր տարվա ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի 41.1 տոկոսը, ապա 2021թ.՝ 53,2 տոկոսը:  Ծանր հանցագործությունների դեպքերի թվի աճը պայմանավորված է հիմնականում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի աճով (25-14):  

Միջին ծանրության հանցագործությունների դեպքերի քանակը աճել է 22-ով կամ շուրջ 5 տոկոսով, որոնց 64 տոկոսը բացահայտվել է: Այստեղ ևս ունենք զգալի դրական դինամիկա՝ հաշվի առնելով, որ 2020թ. բացահայտվել էր միջին ծանրության հանցագործությունների շուրջ 52 տոկոսը:

Հանցագործությունների կանխման և բացահայտման վիճակի բարելավման հիմքում առաջին հերթին հետաքննության մարմինների աշխատանքի կատարելագործումն ու արդյունավետության բարձրացումն է: Գործ ունենք նաև օբյեկտիվ բարդությունների ու խոչընդոտների, իսկ առանձին դեպքերում՝ ընդհուպ քրեադատավարական օրենքի իրավակարգավորումներից բխող խնդիրների հետ:

Օրինակ, հանցագործության դեպքերը պատկերող տեսագրությունները ստանալը երբեմն պայմանավորված է լինում բազմաթիվ, առերևույթ ուշադրության և քննարկման ոչ ենթակա տեխնիկական բարդություններով, որոնք լրջորեն ազդում են դրանցով կատարվելիք աշխատանքի օպերատիվության վրա: Խոսքը, մի կողմից, վարչական նշանակության շինություններում տեսանկարահանող սարքերի բացակայության, մյուս կողմից՝ որոշ դեպքերում հասարակության անդամների՝ հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ գործունեությանը աջակցելուց խուսափելու մասին է:  

-Նախորդ տարի տեսանելի էր հանրապետությունում սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճ: Ինչպիսի՞ն է մարզում կրիմինալ վիճակն այս առումով, ինչ դեպքեր են արձանագրվել և որպես մարզի դատախազ՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում առանձնապես ծանր այս հանցագործությունների կանխման, բացահայտման առումով:

-2021 թվականին արձանագրվել է սպանության 7 դեպք, նախորդ տարվա 6 դեպքի դիմաց: Նշված 7 դեպքերից 6-ը բացահայտվել է: Արձանագրվել է սպանության փորձի 6 դեպք նախորդ տարվա 2 դեպքի դիմաց: Դրանցից բացահայտվել է 4-ը:

Օրինակ, կարող եմ նշել 2021թ. հունիսի 13-ին, երեկոյան Գոռավան համայնքի գերեզմանատանը մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած փոխհրաձգության դեպքը, որի հետևանքով որսորդական հրացանից արձակված կրակոցից մահացել էր մեկ անձ, ևս մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հանցագործությունը, ըստ էության բացահայտվեց, երկու անձի սպանություն կատարելու համար առաջադրվել է մեղադրանք, նրանք այժմ կալանավորված են, իսկ գործով նախաքննությունը շարունակվում է:

Կամ՝ հավանաբար հիշում եք մանկահասակ՝ մեկուկես տարեկան երեխայի սպանության սահմռկեցուցիչ դեպքը՝ կատարված Նոր Խարբերդ համայնքում, 2021թ. փետրվարի 6-ին: Այս գործով մեղադրանք առաջադրվեց երեք անձի՝ երեխայի մորը՝ անպաշտպան երեխային այլ անձանց հետ ուժեղ ֆիզիկական ցավ պատճառելու համար, վերջինիս հետ փաստացի ամուսնական կապերի մեջ գտնվող անձին երեխայի սպանության համար, ինչպես նաև վերջինի մորը՝ անչափահասին ուժեղ ֆիզիկական ցավ պատճառելու համար: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, ընթանում է դատաքննություն:

Մեր կողմից շարունակական ջանքեր են գործադրվում սպանության դեպքերի նկատմամբ դատավարական վերաբերմունքը փոխելու ուղղությամբ: Պետք է գործել ավելի արագ ու օպերատիվ՝ հանցանք կատարած անձանց  շրջանակը և հանցակազմի հատկանիշների առկայությունը պարզելու ուղղությամբ: Այս հարցում բացթողումները, հապաղումները, անտարբեր վերաբերմունքը մարդկանց մոտ առաջացնում են անպաշտպանության զգացում, վախ սեփական անվտանգության համար:

Սպանության  դեպքերի  աճը,  ինչ  խոսք,  մտահոգիչ է: Սակայն  վերը  նշված վերլուծությունների պայմաններում  կարող  ենք  այս ոլորտի  հանցավորության   վիճակը գնահատել վերահսկելի:

- Հայաստանում շարունակվում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերի աճ գրանցվել: Ինչպիսի՞ն  էր պատկերը մարզում՝ 2021թ. և Արարատի դատախազությունը ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այս ուղղությամբ:

-Արարատի մարզի դատախազության կողմից սպասարկվող տարածքում 2 դեպքով աճել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը  (129-127): Արձանագրված դեպքերից բացահայտվել է 95-ը կամ 73,6 տոկոսը:

Մահվան ելքով դեպքերը ևս աճել են 2-ով (26-24): Ցավոք սրտի, ունենք մահվան ելքով ՃՏՊ-ների բացահայտման ցուցանիշի որոշակի անկում: Սակայն պետք է նշեմ, որ այդ պատկերի վրա ազդել է նաև հանգամանքը, որ հանցագործություն կատարած անձանց մի մասին տարեվերջին դեռ դատավարական կարգավիճակ չէր տրվել, քանի որ դեռ չեն ստացվել փորձաքննությունների եզրակացությունները: Իսկ մենք բացահայտման ցուցանիշը պայմանավորում ենք գործով մեղադրյալների առկայության հետ: Համապատասխան փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո նոր միայն վերջնական իրավական գնահատականներ կտրվեն վարորդների գործողություններին:

ՃՏՊ-ների պատճառները շատ են: Զգալի դեպքերում նպաստող պայման են հանդիսացել տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, սահմանված առավելագույն արագությունը գերազանցելը, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելը դրանք վարելու իրավունք չունեցող անձանց կողմից:

Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարվել են խստացնող փոփոխություններ՝ կապված հարբած կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու պայմաններում վարելու արդյունքում կատարվող դեպքերի հետ:

Տեսակարար կշիռ են կազմում ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերը: Ընթացիկ տարում նշված դեպքերով հարուցվել է 143  քրեական գործ: Նմանատիպ հանցագործությունների բացահայտումը էականորեն նպաստում է ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանցագործությունների կանխմանը:

- Մարզում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Ի՞նչ ակնառու դեպքեր կարող եք նշել, որոնք բացահայտվել են մարզի իրավապահ մարմինների ջանքելով:

-2021թ. մարզում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 48 դեպք, ինչը 9-ով նվազ է 2020թ. համեմատ:

5 դեպքով նազել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերը՝ 2020-ի 33 դեպքի դիմաց կազմելով 28: Փոխարենը, օրինակ, 8 դեպքով աճել են կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը, որոնց բացահայտման ցուցանիշը կազմում է 69,2 տոկոսը` 2020թ. 60 տոկոսի դիմաց: Կաշառքի և առհասարակ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը որոշ իմաստով դրական պետք է համարել, քանի որ այս բնույթի հանցագործությունները լատենտային բնույթ ունեն, այսինքն, դրանում ներգրավված բոլոր կողմերն են շահագրգիռ այն չբացահայտվելու հարցում: Ուզում եմ նաև շեշտել, որ 2020թ. համեմատ կոռուպցիոն դեպքերի նվազումն ունի օբյեկտիվ պատճառ, այն է՝ նախընթաց տարիներին քաղաքացիները շատ ավելի մեծ ինտենսիվությամբ էին իրավապահ մարմիններին տեղեկացնում իրենց հայտնի կամ իրենց կարծիքով կոռուպցիոն չարաշահումների մասին:  

Որպես կոռուպցիոն ակնառու դեպքեր, կարող եմ նշել 2021թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ կաշառք տալու դեպքերի բացահայտումները:  Արձանագրվել է ընտրողներին կաշառք տալու 7 դեպք, որոնք բոլորն էլ բացահայտվել են։ Սա կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի հետագայում ընտրական պրոցեսների համար և վկայում է դրա դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների սկզբունքայնության մասին:

-Պետական շահերի պաշտպանության բնագավառում ի՞նչ ոլորտներ են եղել ուսումնասիրության առարկա, ի՞նչ բնույթի խախտումներ են հայտնաբերվել և ի՞նչ  է նախաձեռնվել դատախազության կողմից դրանց վերացման ուղղությամբ:

-Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում մարզի դատախազության կողմից ուսումնասիրություններ են կատարվել մարզի համայնքներում առկա և գործող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթադօրենսդրական ակտերի պահպանման ոլորտում։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, և  Արարատի մարզի դատախազությունից միջնորդագիր  է ուղարկվել Արարատի մարզպետին՝ առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ մարզի համայնքների ավագանիների կողմից «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի պահանջները կատարելու ուղղությամբ։ Հայտնաբերված մյուս դեպքով    ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել  է քրեական գործ  և կատարվում է նախաքննություն:

Բացի այդ,  մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018-2020թթ. ընթացքում ընդերքի մասին ՀՀ օրենսդրությամբ և համապատասխան պայմանագրերով նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը։ Գրավոր հարցումներ են ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, անշարժ գույքի կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև Արարատի մարզի թվով 95 համայնքապետերի։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարների և ապառքների մասով որոշ ընկերություններ չեն կատարել իրենց պարտավորությունները:

Նաև՝ որոշ ընդերքօգտագործողներ խախտել են ընդերքի մասին ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի հետ կապված վճարումների պարտավորությունները: Դրանք կատարելու նպատակով համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին զգուշացումներ են արվել:

Բացի վերոնշյալը, դեռևս 2020թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի կամ դրա մի մասի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացի օրինականության և արդյունավետության ոլորտում իրականացվել է ուսումնասիրություն: Դրա արդյունքներով հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից մեկով պարզված համայնքի նախկին ղեկավարի ապօրինի գործողությունների հետևանքով   համայնքին պատճառված 3.599.000 ՀՀ դրամ վնասից 2020թ. ընթացքում վերականգնվել է միայն 2.000.000 ՀՀ դրամը։

Թեև հարուցված այդ քրեական գործով 2021թ. փետրվարին կայացվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով վարույթը կարճելու որոշում, սակայն  մենք նախազգուշացում ուղարկեցինք համայնքի գործող ղեկավարին՝ առաջարկելով օրենքով սահմանված կարգով համայնքի անունից քաղաքացիական հայց հարուցել ընդդեմ  համայնքի նախկին ղեկավարի՝ պատճառված և չվերականգնված վնասի չափով գումարի բռնագանձման պահանջով։ Այդ նախազգուշացման հիման վրա համայնքը գումարի բռնագանձման պահանջով քաղաքացիական հայց է հարուցել, որն ամբողջությամբ բավարարվել է և ուղարկվել է կատարման։

- 2021 թ. քանի՞ արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որո՞նք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվե՞լ են վերադաս ատյաններ:

-Հաշվետու ժամանակահատվածում 4 գործով 4 անձի նկատմամբ  Արարատի և Վայոց Ձորի մարգերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է արդարացման  դատավճիռ։ Դրանցից 2-ով 2 անձի մասով  մեղադրանքից հրաժարվել է մեղադրողը, հետևաբար բողոքարկման հիմքեր առկա չեն եղել: Մեղադրանքներից հրաժարումները պայմանավորված են եղել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1522 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով:

Մնացած երկու գործերով 2 անձ արդարացվել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Դրանցից մեկով ամբաստանյալին մեղսագրված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ  մասով հանցանքի կատարում, այսինքն ՃԵԿ հանցավոր խախտում, իսկ մյուսով՝ մեկ անձի մեղսագրված է եղել  34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանցանքի կատարում՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության կատարման փորձ: Երկուսով էլ վերաքննիչ բողոք է տարվել, որոնցից առաջինով բողոքը մերժվել է, իսկ մյուսի քննությունը գտնվում է ընթացքի մեջ։

-Դատախազի աշխատանքը, հատկապես մինչդատական շրջանումլայն հանրությանը տեսանելի չէ. Ինչպե՞ս եք գնահատում մարզի դատախազների կողմից, իրենց գործառույթներից ելնելով, քննությունների ընթացքի, որակի, արդյունավետության վրա թողած ազդեցությունը: Եղե՞լ են հենց դատախազության նախաձեռնողականության արդյունքում  հանցագործությունների բացահայտման դեպքեր, կամ այնպիսի իրավիճակներ, երբ չեն հաստատվել քննությունների վերջնական արդյունքները, մեղադրական եզրակացությունները:  

-Մինչդատական վարույթի, դատարանում գործի քննության ընթացքում դատախազի կողմից Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների պատշաճ իրականացումը չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ քննության որակի վրա. դատախազական ակտերի կայացման արդյունքում ընդհուպ քննությունների ընթացք է փոխվում և այդպիսի դեպքերը բազմաթիվ  են։

Օրինակ, բազմաթիվ են դեպքերը, երբ ընտանեկան բռնության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումները մերժվել են կամ հետաքննության մարմինը, քրեական գործի հարուցումը մասնավոր գանգատի տիրույթում դիտարկելով, բողոքի բացակայության հիմքով մերժելու մասին դիրքորոշում է հայտնել: Սակայն մարզի դատախազները վերացրել են այդ որոշումը, կամ նյութերը պահանջվել են, և դատախազը, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով, անձամբ է հարուցել քրեական գործ։ Արդյունքում նմանատիպ բոլոր գործերով նախաքննությունը կատարվել է ընդհանուր կարգով, դրանք ուղարկվել են դատարան, և կայացվել են մեղադրական դատավճիռներ։

Եղել է դեպք, երբ նախաքննական մարմինը դիրքորոշում է հայտնել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթը՝ ապացույցների անբավարարության հիմքով կարճելու վերաբերյալ: Սակայն դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տրված ծավալուն ցուցումի պահանջները կատարելու արդյունքում ձեռք են բերվել ծանրակշիռ և բավարար ապացույցներ, ինչից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Կամ, արդեն նախաքննության ավարտից հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, դատախազների կողմից ցուցումներ են տրվել արարքները վերաորակելու կամ մեղադրանքները լրացնելու վերաբերյալ։ Նման մի օրինակ կարող եմ բերել. նախորդ տարի քննված և դատարան ուղարկված քրեական գործով նախաքննության մարմինը մեղադրյալի արարքը որակել էր որպես հասարակ սպանություն, մինչդեռ դատախազի ցուցումով նրա արարքը իրավացիորեն վերաորակվեց որպես ծանրացուցիչ հանգամանքներով, այն է՝ շահադիտական դրդումներով կատարված սպանություն։ Նշված քրեական գործով ներկայումս կատարվում է դատաքննություն։

Պետք է նշեմ, որ նմանօրինակ դեպքերը ոչ թե բացառություն են, այլ դատախազական աշխատանքի անքակտելի մասն են, և դատախազական ակտերից յուրաքանչյուրը ցանկացած պարագայում միտված է դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ խախտված իրավունքների վերականգնմանը։

Մեկ պարզ օրինակ նշեմ՝ մարզի դատախազության դատախազների կողմից կայացված որոշումների հիման վրա 2 մեղադրյալ ազատվեց կալանքից, քանի որ պարզվել էր, որ հանցավոր արարքը կատարել էին անմեղսունակության վիճակում:

Քննությունների որակի բարձրացման, դրանց լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով դատախազական ներգործության միջոցների կիրառման հարցում հետևողականությունն անդադար ավելացնում ենք:

Օրինակ, 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից նախաքննական մարմնին վերոնշյալ նպատակով 106 քրեական գործով տրվել է նույնքան գրավոր ցուցում, որը 2020թ. համեմատ ավելի է 60 տոկոսով: Իսկ օպերատիվ-հետախուզական մարմիններին տրվել է կոնկրետ գործողությունների կատարման 10 հանձնարարություն, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 25 տոկոսով: Ընդ որում՝ տրված ցուցումների դեմ առարկություններ չեն ներկայացվել:

Անհրաժեշտության դեպքում, կիրառվում են շատ ավելի կոշտ միջոցներ: Մասնավորապես, 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից կայացվել են նախաքննություն իրականացնող քննիչին վարույթից հեռացնելու մասին 5 որոշում: Ներկայացվել է հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 9 միջնորդություն: Միջնորդությունների մի մասի քննարկման արդյունքում հետաքննություն իրականացնող 2 աշխատակից ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, մյուսներով դեռևս արդյունքների մասին չենք տեղեկացվել:   

Միաժամանակ պետք է փաստեմ, որ թեև վերը նշված ոլորտներում աշխատանքը կրում է մշտական և անընդմեջ բնույթ, սակայն այդ գործառույթների իրականացումը միշտ չէ, որ կատարվում է ամենաբարձր մակարդակով: Դա որոշակիորեն պայմանավորված է նաև դատախազների ծանրաբեռնվածությամբ։ Հսկողության որակի բարձրացումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։

Որո՞նք են 2022 թվականին մարզի դատախազության առաջնային քայլերըի՞նչ ուղղությամբ է հիմնական աշխատանքը տարվելու:

 2022 թվականին Արարատի մարզի դատախազության առաջնային քայլերը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, պետական շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացումն է:

Հանցավորության դեմ պայքարի առումով հիմնական խնդիրը լինելու է 2021թ կատարված սպանության, սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև հրազենի գործադրման դեպքերով հարուցված քրեական գործերով մանրամասն վերլուծությունների կատարումը՝ հանցագործությունները ծնող պատճառների, չբացահայտված գործերով բացահայտմանը խոչընդոտող հանգամանքների վերհանման և չեզոքացման նպատակով:

Խնդիր է դրվել շոշափելիորեն ակտիվացնել պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանը հասցված վնասների հայտնաբերման, վերականգնման, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

Բացի այդ 2022թ. հուլիսի 1-ին ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ խնդիր է դրվել հնարավոր սեղմ ժամկետներում մանրամասն ծանոթանալ ուժի մեջ մտնող քրեադատավարական և քրեաիրավական նոր կարգավորումներին, դրանց առանձնահատկություններին, վեր հանել հնարավոր խնդիրները և տարընթերցումները:  Այդ ուղղությամբ գլխավոր դատախազության կողմից նախատեսվել են անցկացնել վերապատրաստումներ ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Մեր հիմնական նպատակներից է նաև մարզի բնակչության, հետ դատախազության ուղիղ հաղորդակցության բարելավումը: 2021թ. ընթացքում դատախազություն քաղաքացիներից ստացվել է 369 դիմում, որոնց պատշաճ ընթացքը լուծելու նպատակով ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ:

Կարևոր շեշտադրում ենք կատարում դատախազների մոտ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման վրա: Օրինակ, մարզի դատախազությունում 2021թ. կազմակերպվել է քաղաքացիների 124 ընդունելություն, ընդ որում՝ դրանց 60 %-ը նախաձեռնվել են դատախազների կողմից: Տարեցտարի այս ցուցանիշներն ավելանում են, և մենք ձգտելու ենք առավել հասանելի դառնալ մեր ազգաբնակչության համար:  

Կարեն Խաչատրյան   

 

 

 


© 2009 ARMENPRESS.am