Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդես

21:38, 18 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։

Ըստ աղբյուրի՝ ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվելու: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում:

Նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:


© 2009 ARMENPRESS.am