Google-ի տվյալների պահեստը հասանելի դարձնող Hexact ստարտափն առևտրային նոր հարթակ է բացում

16:15, 19 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hexact դատա ընկերությունը միջոցառումների շարքով նշանավորեց իր աշխատանքի երրորդ տարեդարձը։ «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ընկերությունը ներկայացրեց իր նոր ռազմավարությունը, որը  տեխնոլոգիական աշխարհում նորարարություն է։

Ստարտափն իր 40,000+ գրանցված ու ապագա բոլոր օգտատերերի համար այսօրվանից հասանելի դարձրեց ամպային տեխնոլոգիայով աշխատող վաղվա աշխարհը։ Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետև կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որևէ գիտելիքի:

«Big data-ն և արհեստական բանականությունը մենք դարձնում ենք համընդհանուր հասանելի, որի շնորհիվ սովորական մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալ՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար»,-  նշեց Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Միաժամանակ, Hexomatic-ը վերածվում է պրոդուկտների առքուվաճառքի  հարթակի, որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետև ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։

Ընկերության մարքեթինգի տնօրեն Քրիս Քլոզեթի խոսքով՝ ունեն ավելի քան 40,000 հաճախորդ՝ շուրջ 160 երկրից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից։ Նա վստահեցնում է՝ հարթակը մատչելի է, որն էլ պատճառ է հանդիսանում ամբողջ աշխարհից հաճախորդներ ունենալ և զարգացման աճ գրանցել։

Hexact-ի բիզնեսի զարգացման տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը լիահույս է, որ ընկերությունը ապագայի ամպային աշխարհի օպերացիոն համակարգն է լինելու։

Վերջինս օրինակներով ներկայացրեց ընկերության գործունեությունը․ «Մի պահ պատկերացրեք՝ ամբողջ ինտերնետը՝ ամբողջ տվյալները՝ data-ն, ձեր անձնական տվյալների շտեմարանն է (database)։ Այն ստանալու համար դուք պետք է վիրտուալ ռոբոտ ունենաք, որ կարող է գնալ, հավաքել data-ն։ Այդ ինֆորմացիան հետագայում պետք է ինչ-որ մի ձև մշակվի՝ անալիզի ենթարկվի, թարգմանվի, վիզուալիզացվի։ Hexact-ը հենց այդ ռոբոտի ինովացիայի հեղինակն է»,- նշեց բիզնեսի զարգացման տնօրենը։

Վերջինս պատմեց, որ իրենց նորարարությունը հնարավոր է կիրառել գրեթե ամենուր։ Նորարարությունից կարող են օգտվել և խոշոր ընկերությունները, և բիզնեսները և նույնիսկ անհատները՝ ոստիկանները, լրագրողները, բժիշկները և այլք։

«Ենթադրենք՝ ես ատամնաբույժ եմ։ Ուզում եմ հաճախորդներ ունենալ իմ քաղաքում։ Պետք է ընդամենը համակարգում նշեմ՝ ինչ տվյալներ են ինձ պետք՝ հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, հասցեներ և այն կհայտնվի իմ էկրանին։ Կամ, օրինակ, դուք ուզում եք հասկանալ, թե չինական, որ մեդիաները ինչ են խոսում Արցախի մասին։ Լրացնում եք ձեզ համար նախընտրելի չինական մեդիաների անվանումները, լրացնում եք Արցախ բառը ու համակարգը անընդհատ ստուգում է և գտնում ցանկացած հոդված, որտեղ կա Արցախ բառը։  Այն չինարենից թարգմանում է հայերեն, հայերենը դարձնում է աուդիոֆայլ ու դուք ուղղակի նստած լսում եք, թե Չինաստանում ինչ են խոսում Արցախի մասին»,- նշեց Արմեն Ավագ Ավագյանը։

Հատուկ միջոցառմամբ ներկայացվեց նաև ընկերության նոր կորպորատիվ ոճն ու ռազմավարությունը։ Լոգոն մինիմալիստական վեցանկյունն (hexagon) է, որն արտացոլում է հավասարությունը, տեխնոլոգիաներն ու տվյալները։ Գաղափարն այն է, որ գլոբալ տվյալները կարող են հասանելի լինել և դրանցից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։ 

Hexact-ն անցած տարին եզրափակեց 400% աճով, նոր կատարելագործված պրոդուկտով ու 160 երկրներում գտնվող 40,000+ օգտատերերով։ Ստարտափը նախատեսում է մինչև տարեվերջ թիմը հասցնել 100-ի։

«Hexact»-ի էկոհամակարգը 3 հիմնական պրոդուկտից է բաղկացած.

«Hexomatic»-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար:

«Hexowatch»մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին:

«Hexometer»-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am