Կյանքից հեռացել է ջութակահար, վարպետ վինագործ Մարտին Երիցյանը

13:48, 20 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր շատ սիրելի ջութակահար, վինագործ, ԵՊԿ պրոֆեսոր Մարտին Շահենիչը։

Նա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի վաղեմի մտերիմ բարեկամն ու գործընկերն էր։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ողջ անձնակազմը սգում է սիրելի վարպետի մահը։

Հանգչեք խաղաղությամբ սիրելի Մարտին Շահենիչ

Մարտին Երիցյանը վինագործ-վարպետ, Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին էր։

Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի , 7թավ քեմանի և այլն:

«Ճիշտ պատրաստված գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում», - նշում էր երաժշտական գործիքների վարպետը»։

Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին, Երևանում։ Երաժշտական կրթություն ստացել է նախ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (Գոհար Հակոբյանի դասարան), Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր)։ 1985 թվականին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, այդ թվում՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակ (1980), «Աշխատանքային վաստակի համար» մեդալի (2020)։

 


© 2009 ARMENPRESS.am