Բռնցքամարտիկները ծաղկաձորյան հավաքում հիմնական շեշտը դրել են ֆիզիկական պատրաստության վրա

11:58, 22 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ավարտեց ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աղամալյանը: Գլխավոր մարզչի խոսքով` թիմն այս հավաքների միջոցով նախապատրաստվում է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը պատմական իրադարձություն է լինելու:

«Հիմնական շեշտը դրել էինք ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: Թեպետ եղանակային պայմանները շատ լավը չէին, սակայն մոտ 90 տոկոսով մեր ծրագրածը կյանքի ենք կոչել»,-ասաց Աղամալյանը:

Վերջինս շեշտեց`  հաջորդ հավաքին կմասնակցեն հիմնականում այն տղաները, որոնք մասնակցելու են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը մեկնարկելու է մարտի 11-ից:

Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ հավաքականը մեծ թիմով կմասնակցի Սերբիայում կայանալիք միջազգային մրցաշարի, որից հետո վերջանական տեսքի կբերվի ընտրանին:

Ծաղկաձորյան հավաքը մեկնարկել էր փետրվարի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am