Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի փոխնախարար Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում

18:03, 27 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայացնելու է գերատեսչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին: Այս մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլաենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները:

«Ուկրաինան բաց է բանակցությունների համար՝ Ռուսաստանի զինված ագրեսիան դադարեցնելու համար։ Միաժամանակ, ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի նախարարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաև չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գրել է նա Twitter-ում:

Ավելի վաղ ուկրաինական «Զերկալո նեդելի» և «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունները հայտնել էին, որ Տոչիցկին կներկայացնի պատվիրակությունը:


© 2009 ARMENPRESS.am