Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանը պաշտոնապես տեղափոխվեց Լեհաստանի առաջնություն

10:24, 1 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Լեհաստանի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը հանդես կգա Լեհաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Յագելոնիա» ակումբում:

«Ուրարտու» և «Յագելոնիա» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ:

Նոր ակումբում Գրիգորյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Այս ակումբում ժամանակին հանդես էր եկել նաև Ռոբերտ Արզումանյանը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանն «Ուրարտու»-ում անցկացրել էր 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:

Հավելենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Գրիգորյանը նշել էր իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ազգային ընտրանու կազմում մասնակցել է պաշտոնական հանդիպման:

 


© 2009 ARMENPRESS.am