Վահան Քերոբյանն ու Կատարի մունիցիպալ կառավարման հարցերի նախարարն անդրադարձել են պարենային անվտանգության կարևորությանը

11:45, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, Վահան Քերոբյանը շրջել է Հայաստանի տաղավարով, ծանոթացել այնտեղ ցուցադրվող հայկական արտադրանքին։

AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքով շրջելուց հետո, Հայաստանի  էկոնոմիկայի նախարարը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի կարևորությանը և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների հնարավորություններին։

Նախարար Քերոբյանը կատարական կողմին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և հստակեցնելու համագործակցության ուղղությունները։

Կատարական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորության վերաբերյալ։ Ներդրումների համար, որպես հետաքրքիր ուղղություն, նախարար Քերոբյանն առանձնացրել է Հայաստանում ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը՝ նշելով, որ դրանք ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արագ զարգացող ուղղություններ են։ 

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am