Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

11:27, 12 Մարտ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում «Դաշնակցություն» կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։

 


© 2009 ARMENPRESS.am