Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ
17:55, 13 Մարտ, 2022ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմը, Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։
«Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանարապետության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:
© 2009 ARMENPRESS.am