Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

18:48, 13 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն մարտի 13-ին նախագահական նստավայրում տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:

Ըստ աղբյուրի՝ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:


© 2009 ARMENPRESS.am