«Ռուսաստանի Դաշնության հերոս» կոչումը երեսուն տարեկան է. դրան արժանացել են հինգ հայեր

16:44, 20 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսուն տարի առաջ սահմանվել Է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչումը՝ երկրի գլխավոր պարգևը: Կոչումը սահմանվել է 1992 թ. մարտի 20-ի ՌԴ օրենքով: Այդ նույն օրենքը սահմանել է նաև գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղ» մեդալ։ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչումը շնորհվում է ՌԴ նախագահի կողմից պետության և ժողովրդի առջև ունեցած ծառայությունների համար, որոնք կապված են հերոսական սխրանքի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Երկրամաս»-ի տվյալներով՝  2022-ի մարտի 12-ի դրությամբ, ՌԴ հերոսի կոչման արժանացել է 1132 մարդ, որից 488-ը՝ հետմահու։ Բայց կոչման շնորհումների ստույգ քանակը անհայտ է մնում բազմաթիվ պարգևատրումների գաղտնիության պատճառով։ Այդ պատճառով Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման արժանացած քաղաքացիների ցուցակները և հերոսի կոչում շնորհելու մասին ՌԴ Նախագահի հրամանագրերի մեծ մասը  պաշտոնապես չեն հրապարակվում։

Ռուսաստանի հերոսներն են հինգ հայեր ՝ ծովային կործանիչ օդաչու, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սուրեն Համբարձումի Թաշչիևը (հետմահու), գեներալ-գնդապետ, խորհրդային և ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Իվանովիչ Գրիգորովը, պահեստազորի գեներալ-մայոր Գևորգ Անուշավանի Իսախանյանը, փորձարկող օդաչու Ռուբեն Թադևոսի Եսայանը և փառապանծ գիտնական-օվկիանոսագետ Արթուր Նիկոլայի Չիլինգարովը ՝ Խորհրդային Միության հերոսի և Ռուսաստանի հերոսի կոչման միաժամանակ արժանացած չորս անձանցից մեկը:

Ռուսաստանի Դաշնության հերոսին շնորհվում են գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղ» մեդալ և այդ կոչման շնորհման պատվոգիր: «Ոսկե աստղ» մեդալը գոյություն ուներ նաև ԽՍՀՄ-ում։ Այն հիմնադրվել է 1939-ի օգոստոսի 1-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության  «Խորհրդային Միության հերոսների համար գերազանցության լրացուցիչ նշանների մասին» հրամանագրով։ «Երկրամաս»-ը հիշեցնում է, որ «Խորհրդային Միության հերոս» կոչմանը միայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսության համար արժանացել է 106 հայ:

Նշվում է, որ «Ոսկե աստղ»-ի էսքիզի հեղինակը  խորհրդահայ ճարտարապետ Միրոն Իվանովիչ Մերժանովն է (Մերժանյանց, 1895-1975): 1934-41-ին նա Ստալինի անձնական ճարտարապետն էր, նախագծել է Ստալինի և ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարների ամառանոցները Կունցևոյում, Մացեստայում, Բոչարով Ռուչեյում։ Խորհրդային Միության հերոսի և Սոցիալիստական Աշխատանքի հերոսի Ոսկե աստղերի նախագծերի հեղինակն է: 1943-54-ին բռնադատվել է, աշխատել է Սոչիից մինչև Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող ճարտարապետական գրասենյակներում։

 

 


© 2009 ARMENPRESS.am