«Երևանյան բեսթսելեր». Իլոն Մասկն առաջատար. փաստավավերագրական, փետրվար, 2022

10:54, 25 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ փետրվարի վաճառքների։

Առաջին տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը: «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:

Երկրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝ հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Ջոն Պ. Ստրելեքիի «Կյանքի հինգ մեծ նպատակները» երրորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» չորրորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Նարինե Բաղդասարյանի ‹‹Լույսի ճանապարհին›› գիրքը հինգերորդ տեղում է։ Այն յոգ, յոգայի բազմամյա ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի կուտակած կենասափորձի հանրագումարն է: Գրքում «բացված» են Լույսին, այն է՝ մարդու մարմնի և հոգու խաղաղությանն ու ներդաշնակությանը հասնելու Նարինեի դավանած ճանապարհները: Ստեղծագործ մոտեցմամբ տեսական և գործնական հանրամատչելի խորհուրդներ ու զրույցներ ամբարած այս գիրքը սիրո մասին է:

Վեցերորդ հորիզոնականում է Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» գիրքը։ Գարեգին Նժդեհի վարքի առանցքային դրվագները, ասույթների ընտրանին և տպագիր ու անտիպ գրքերի ու հոդվածների ցանկերը աշխատությունը դարձնում են XX դ. հայոց ազատամարտի ռազմագաղափարական առաջնորդի մասին յուրատեսակ հանրագիտարան: Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը յոթերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Ութերորդ հորիզոնականում է Ջոն Ստրելեքիի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Երբ աստղազարդ գիշերը նայում ես երկնքին, իրականում տեսնում ես մեր գալակտիկայում գոյություն ունեցող աստղերի 0,0000005%- ից էլ քիչ մասը: Ու դա դեռ միայն մեր գալակտիկան է: Գոյություն ունեն ամենաքիչը ևս 125 միլիարդ գալակտիկաներ: Եթե որևէ վերերկրային ուժ կարողացել է ստեղծել այդ ամենը, ուրեմն վստահաբար քո երազանքն իրագործելը նրա կարողություններից վեր չէ: Հետևիր այդ ուժին

Ջո Ջիրարդի «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը իններորդ տեղում է։ Ջո Ջիրարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 13 001 հատ «Շևրոլե» մեքենա վաճառելու համար: Աղքատ սիցիլիական ընտանիքում մեծացած Ջիրարդը համաշխարհային բեսթսելեր դարձած իր այս գրքում պատմում է վաճառողի իր կարիերայի մասին՝ ներկայացնելով իր հաջողության այն գաղտնիքներն ու հնարքները, որոնք վստահաբար պետք կգան ցանկացած ոլորտի ցանկացած վաճառողի: Ինչպես ասում է հեղինակը՝ «Եթե կարողացել եմ ես, ապա դուք էլ կկարողանաք»: «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը համարվում է աշխարհի ամենալավ բիզնես գրքերից մեկը։

Տասներորդ հորիզոնականում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Իլոն Մասկ

«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» 

Դավինչի 710
2 0

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

ԴաՎինչի 423
3 +3

Ջոն Պ. Ստրելեքի

«Կյանքի հինգ մեծ նպատակները»

Դավինչի 211
4 -1

Ռոբին Շարմա

«Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ 189
5 +2

Նարինե Բաղդասարյան

‹‹Լույսի ճանապարհին››

Արմավ 105
6  +4

Ռաֆայել Համբարձումյան

«Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ»

Բուկինիստ 96
7 նոր

Ջեյմս Քլիըր

«Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ 77
8 *

Ջոն Ստրելեքի

«Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

ԴաՎինչի 51
9 -1

Ջո Ջիրարդ

«Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու»

Դավինչի 49
10 *

Յուվալ Նոյ Հարարի

«Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»

Newmag 43


© 2009 ARMENPRESS.am