Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Երևանում կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան

11:06, 22 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մոնոօպերայում հերոսուհուն մարմնավորում է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո  Վարսենիկ Ավանյանը։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը, դաշնամուրային նվագակցումը՝ Վասիլի Ռոլիչի, ֆրանսերենի մասնագետ-խորհրդատու՝ Սերինե-Լյուբա Թադեվոսյան։

Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան գրված է Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականին, իսկ Հայաստանում՝ 2021-ի հուլիսին։   

Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար «մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, ով անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը` հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն, իհարկե, գրում է այն, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար:

Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է. 

«Իմ սիրելի՛ Ֆրանսիս: Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար՝ այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»:


© 2009 ARMENPRESS.am