Կապառոսը` առաջիկա ընկերական խաղերի, ընտրանու նորեկների մասին

17:39, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ ընկերական խաղերում հավաքականի առաջիկա մրցակիցները նման են Ազգերի լիգայում առկա հակառակորդներին:

«Երբ մենք այս երկու թիմերին ընտրեցինք, հաշվի ենք առել, որ այս հավաքականները նման են մեր` հունիսին սպասվելիք խաղերի ընտրանիներին: Մենք պետք է կարողանանք մրցակցել ֆիզիկապես ուժեղ պատրաստված թիմերի հետ: Մենք ուզում ենք ստուգել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Ցանկություն ունենք տեսնելու նոր տղաներին թիմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Խոսելով Հարոյանի մարզավիճակի մասին` մասնագետը շեշտեց, որ նա լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առաջ մեծ պահանջներ են դնում: Նա հավաքականին է միացել լավ ֆիզիկական վիճակում:

«Երիտասարդներն աչքի են ընկնում իրենց ակումբներում և հույս ունենք, որ ապագայում հավաքականին կկարողանան օգնել: Ֆեդերացիան էլ ծրագիր ունի, ըստ որի, մենք աշխատում են մի խումբ երիտասարդների հետ: Մենք անհատական աշխատանք ենք տանում բոլորի հետ»,- նշեց Կապառոսը:

Վերջինս անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի` հավաքականում կարիերան ավարտելուն, առանձնացնելով, որ Մխիթարյանն իր տեղն ունի ֆուտբոլի ֆեդերացիայում: «Ինձ համար առավելություն էր Մխիթարյանի հետ աշխատելը: Մենք արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի խաղալու և կարևորում եմ նաև, որ թիմը շարունակի աճ գրանցել»,- ընդգծեց նա:

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում  հավաքականը կհյուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am