Միայնակ մայրերը հնարավորություն կստանան վերապատրաստվել ՏՏ ոլորտում. Մեկնարկում է նոր ծրագիր

17:21, 24 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ առաջիկայում կմեկնարկի կրթական նոր ծրագիր, որի շահառուները լինելու են միայնակ մայրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախատեսվում է վերապատրաստման ծրագիր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Նման ծրագրերով փորձում ենք լուծել զբաղվածության խնդիրը: Սա պիլոտային ծրագիր է և շահառուները լինելու են Շիրակի մարզից ու սահմանափակ թվով: Այն հաջողությամբ իրականացնելու ու արդյունավետությունը դիտարկելուց հետո, մենք կարող ենք քննարկել դրա ընդլայնման հնարավորությունը»,-ասաց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am