ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է ՌԴ զորախմբի պատասխանատվության գոտուց Ադրբեջանի ԶՈՒ դուրս բերումը

19:00, 28 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ

© 2009 ARMENPRESS.am