Արցախի նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման վերաբերյալ

11:29, 29 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է: Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև՝ դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Հանդիպման ընթացքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am