Արսեն Թորոսյանն այցելել է Մարտունիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակ

15:58, 3 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզային այցելությունների շրջանակներում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 3-ին այցելել է

Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ ծանոթացել է նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին 2020 թվականի ամռանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Արսեն Թորոսյանը։

«Ըստ նախատեսված պլանի՝ այն պետք է ավարտվեր 2022 թվականի աշնանը, ու չնայած համավարակով և պատերազմով պայմանավորված դժվարություններին՝ շինարարական աշխատանքները ոչ մի օր չեն կանգնել և Մարտունի խոշորացված համայնքը շուտով ունենալու է գերժամանակակից հիվանդանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում համակարգչային տոմոգրաֆով (ԿՏ)։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նման մոդուլային բժշկական կենտրոն Հայաստանում առաջին անգամ է կառուցվում, նմանատիպ կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են նաև Վայոց Ձորի մարզում և նման նախագիծ կա Նաիրիի բժշկական կենտրոնի կառուցման համար։ Այս տիպի նախագծերն ավելի արդյունավետ են թե՛ բժշկական օգնությունը կազմակերպելու տեսանկյունից, թե՛ ծախսաարդյունավետության»,- հայտնել է պատգամմավորը։

Արսեն Թորոսյանը հավելել է, որ Մարտունու բժշկական կենտրոնում վերջին տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ և հիշեցրել, որ 2020 թվականից աշխատում է նաև հեմոդիալիզի ծառայությունը, որը մինչ այդ հասանելի չէր Մարտունիում և պացիենտները ստիպված գնում էին այլ տեղեր։

 


© 2009 ARMENPRESS.am